Մատչելիության հղումներ

Սպիտակ տան համար պայքարը շարունակում են հինգ թեկնածուներ


Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու առաջադրվելու համար պայքարողների թիվը նվազել է` հասնելով հինգի. հանրապետականներից պայքարը շարունակում են Ջոն ՄըքՔեյնը, Միթ Ռոմնին եւ Մայք Հաքըբին, դեմոկրատներից՝ Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը:

Մի շարք նահանգներում անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով` հունվարի 30-ին ընտրապայքարը դադարեցրեցին Նյու 3որքի նախկին քաղաքապետ, հանրապետական Ռուդի Ջուլիանին եւ նախկին սենատոր, դեմոկրատ Ջոն Էդվարդսը:

Ռուդի Ջուլիանին հրաժեշտի պահին հայտարարել է, որ սատարում է ՄըքՔեյնին: «Ջոն ՄըքՔեյնը գերագույն գլխավոր հրամատարի լավագույն թեկնածուն է, նա Ամերիկայի հերոս է, Ամերիկան կարող հերոսին վստահել Սպիտակ տունը», - ասել է Ջուլիանին:

Ջոն Էդվարդսը չի հայտնել, թե ում է սատարում: «Մենք չգիտենք, թե ով կանի վերջին քայլերը դեպի Սպիտակ տուն, բայց գիտենք, որ Դեմոկրատական կուսակցությունն է պատմությունը կերտելու. մենք կլինենք հզոր եւ միասնական եւ ետ կնվաճենք Սպիտակ տունը», - հայտարարել է նա:

Փետրվարի 5-ը արդեն անվանել են «սուպերերեքշաբթի». այդ օրը միանգամից երկու տասնյակից ավելի նահանգներում տեղի կունենան նախնական ընտրություններ, եւ իրավիճակը շատ ավելի հստակ կդառնա:

Oգոստոսի 25-28-ը դեմոկրատները, իսկ սեպտեմբերի 1-4-ը` հանրապետականները կանցկացնեն ազգային համագումարներ եւ պաշտոնապես կառաջադրեն ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին:

Ընտրությունները Միացյալ Նահանգներում տեղի կունենան նոյեմբերի 4-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG