Մատչելիության հղումներ

Ռուսաստանում այլատյացության հողի վրա կատարվող բռնությունների թիվը շարունակում է աճել


«Ռուսաստանում այլատյացության հողի վրա կատարվող բռնությունների թիվը շարունակում է աճել, եւ այս առումով նախորդ տարվա արդյունքներն ամենեւին էլ հուսադրող չեն», - արձանագրում է ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը:

Փաստաթղթի համաձայն, մասնավորապես, 2007 թվականի ընթացքում Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: «Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է», - ասում է իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Գալինա Կոժեւնիկովան եւ հավելում. - «Անցած 2007 թվականը ակնհայտ բացասական երանգ ուներ. մի կողմից` արձանագրվեց ազգամիջյան հողի վրա կատարված բռնությունների աճ, մյուս կողմից` նվազեցին դրանց նկատմամբ քրեական հետապնդումները»:

Կազմակերպության զեկույցի համաձայն` 2007 թվականին այլատյացության հողի վրա կատարվող հարձակումները դարձել են ավելի կազմակերպված ու դաժան, մինչդեռ իշխանությունները շատ քիչ քայլեր են ձեռնարկել` ծայրահեղ ազգայնական խմբավորումների դեմ պայքարելու համար:

«Ակնհայտորեն այլատյացության հողի վրա կատարված մի շարք հանցագործություններ դիտարկվում են որպես պարզ խուլիգանություն, որը շատ ավելի թեթեւ պատիժ է նախատեսում», - փաստում են ռուս իրավապաշտպանները եւ ընդգծում. - «Չնայած անցած տարի այլատյացության հողի վրա ավելի քան 500 հարձակում է գրանցվել, Ռուսաստանի դատարանները այս հարցով ընդամենը 24 դատական վճիռ են կայացրել»: Ընդ որում, կազմակերպության զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում աջ ծայրահեղական շարժումների փորձը ակտիվորեն սկսել են օգտագործել նաեւ, այսպես կոչված, «Կրեմլին մոտ կանգնած» կազմակերպությունները:

Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում մի խումբ դեռահասների կողմից սպանվեց հայազգի 20-ամյա ուսանող Վլադիմիր Քարամջյանը: Հարուցվել է քրեական գործ: Առայժմ, սակայն, ձերբակալվածների ու կասկածյալների վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հաղորդվում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG