Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, փաստելով, որ նախագահի «բոլոր թեկնածուներն էլ խոսում են օրինականության հաստատման մասին՝ ընդունելով հետեւաբար, որ Հայաստանում այդ խնդիրը կա», մանրամասնել է. - «Ընդդիմադիր 8 թեկնածուները պնդում են, որ օրենքի սահմաններում պատժվելու են նրանք, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում հանցագործություններ են կատարել»: «Բայց օրենքը, ցավոք սրտի, վերացական բան չէ: Օրենքը «իշխող դասակարգի կամքի արտահայտությունն է», - գրել է խմբագիրն ու հարցին, թե «ո՞րն է երաշխիքը, որ այդ կամքը ուղղված չի լինի սեփական թայֆայի ապահովությանն ու բարեկեցությանը», ինքն էլ պատասխանել է. - «Պատմությունից հայտնի է, որ նույնիսկ բացարձակ միապետերը ինքնուրույն չէին իրենց գործողություններում, ուր մնաց՝ շատ ավելի սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահները»։

«Իսկական իրավունքը» թերթը այսօր լուսանկարներով ու քաղվածքներով հրապարակել է նախագահի այն վեց թեկնածուների ցանկը, որոնք տարբեր ժամանակներում եղել են իշխանությունում:

«Իրավունք»-ի մեկնաբանը, քննարկելով Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնն առաջարկելու հնարավորությունը, ենթադրել է. - «Սերժ Սարգսյանն անցած ողջ ժամանակահատվածում երբեւէ դրական չի արձագանքել այս հնարավորությանը»։ Այնինչ, ըստ մեկնաբանի, «գործող նախագահն ու իր շրջապատն ուզում են իրենց ապագայի երաշխիքները ստանալ այսօր». - «Այսինքն, համոզված լինել, որ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչրայանը կզբաղեցնի հանրապետության հրապարակի հայտնի շենքի հայտնի առանձնասենյակը»։ «Եվ քանի որ այդ երաշխիքները ոչ մի կերպ ստանալ չի հաջողվում, Քոչարյանի հենարան հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առանձնապես ոգեւորված չի աշխատում Սերժ Սարգսյանի օգտին», - եզրակացրել է մեկնաբանը։

Նախագահական ընտրարշավին մասնակցող վարչապետ ՍԵրժ Սարգսյանի քաղաքական դաշնակիցների թեմային անդրադառնալով, «Տարեգիր» թերթի մեկնաբանը պատկերել է. - «Նա, ինչպես հայտնի է, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար է: Կոալիցիայի մյուս անդամը «Բարգավաճ Հայաստան»-ն է: Բայց զարմանալի բան. ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ «Բարգավաճ»-ի որեւէ այլ անդամ նախընտրական այս շրջանում Սերժի կողքին չեն կանգնել»: Դրա պատճառը, ըստ մեկնաբանի, այն է, որ «Սերժ Սարգսյանը դաշնակիցներ չի փնտրում, նա փնտրում է միայն ենթականեր»: «Ծառուկյանն արդեն մի շեֆ ունի՝ դա Քոչարյանն է: Հավանաբար համարում է, որ 2 շեֆի միաժամանակ ծառայել չի կարող: Նա ոչ միայն Սերժին չի ուղեկցում, ինչպես պետք է անի իսկական դաշնակիցը, այլեւ չի ֆինանսավորում նրա նախընտրական քարոզարշավը», պնդել-եզրափակել է մեկնաբանը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավից ստացած տպավորությունները փոխանցելով` «Իսկական իրավունքը» թերթի խմբագիրը գնահատել է. - «Արդեն ոչ ոքի չի զարմացնում, թե հանրահավաքներին ու հանդիպումներին ինչպես են ձնագնդի պես աճում փետրվարի 20-ից հետո բանտ ուղարկելու ենթակա մարդկանց «սեւ» ցուցակները. այդ ամենը լսելով կարելի է կարծել, որ իշխանության գալու դեպքում Հայաստանի առաջին նախագահը զարկ է տալու նախեւառաջ շինարարական այնպիսի ուրույն ճյուղին, ինչպիսին է բանտաշինությունը։ 37 թվականի ոճով տրվող գնահատականներն արդեն հասել են լեւոնականների հետ չհամաձայնվողների ընտանիքներին։ Բնականաբար, նույն հայհոյանքների, սպառնալիքների ու վարկաբեկման ոգով գործում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջ քարոզչամեքենան, ու հաճախ քարոզիչներին չի էլ հետաքրքրում, թե ինչն է ճիշտ եւ ինչը սուտ. ինչպես ասում են, կարեւորն այս պահին մրոտել եւ հոգեբանորեն կոտրելն է: Իսկ նպատակին հասնելուց հետո այդ ամենն այլեւս ոչ մի նշանակություն չունի»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG