Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը այսօր Կառավարության նիստերի դահլիճում կանանց հետ հանդիպման ժամանակ խոստացավ, նախագահ ընտրվելու դեպքում, մեծ ուշադրության արժանացնել եւ լուծել կանանց առնչվող բազմաթիվ հիմնախնդիրները:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, Հայաստանում այսօր լրջագույն խնդիր է կանանց գործազրկությունը. - «Պետությունը այս ուղղությամբ մատը մատին չի խփում, եւ տեսանելի ապագայում մենք չենք էլ նկատում ծրագրեր, մոտեցումներ` ուղղված կանանց զբաղվածության խնդրի լուծմանը»:

Նրա գնահատմամբ, այսօր կանանց եւ տղամարդկանց միջեւ բազմաթիվ ոլորտներում հավասարություն չկա:

«Օրինաց երկիր»-ի ղեկավարը հայտարարեց, թե իր հաղթանակը նշանակելու է նաեւ կանանց ակտիվ ներգրավում կառավարման ոլորտում. - «Մենք հետագայում բազմապատկելու ենք մեր օրենսդրական ջանքերը այս ուղղությամբ, որպեսզի պետական կառավարման մարմիններում կանանց մասնակցությունը, տեսակարար կշիռը ապահովված ու երաշխավորված լինի Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված օրենքներով եւ կառավարական որոշումներով»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, ակտիվ, ուժեղ եւ սկզբունքային կանայք, շատ դեպքերում կարող են անել ավելին, քան շատ տղամարդիկ:

«Աջակցելով ինձ, դուք աջակցում եք ինքներդ ձեզ», - իր ելույթը եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG