Մատչելիության հղումներ

Կրակել են գլխավոր դատախազության շենքի վրա


Անցած գիշեր անհայտ անձը (անձինք) Վազգեն Սարգսյան փողոցի կողմից «Մակարով» ատրճանակից կրակել է Հայաստանի գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը գլխավոր դատախազի աշխատասենյակի պատուհանների շարունակությունն է` պատճառելով գույքային վնաս:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, դեպքի առթիվ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանություն` զենքի գործադրմամբ», կատարվել է տեղազննություն, դեպքի վայրից առգրավվել է մեկ գնդակ, նշանակվել են քրեագիտական փորձաքննություններ:

«Գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել իր բնականոն աշխատանքը եւ ապակայունացնել իրավիճակը», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կասկածյալներ առայժմ չկան:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG