Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատություն» ռադիոկայանի «Թեկնածուների կլոր սեղան». Վահան Հովհաննիսյան


Հայաստանի նախագահի թեկնածու, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը «ավելի ու ավելի է ակնհայտ դառնում»: «Դա պայմանավորված է նրանով, որ թեկնածուներից եւ ոչ ոք 50 տոկոսից ավելի արդար ճանապարհով հավաքելու, կարծում եմ, այսօր հավանականություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց նա:

«Իհարկե, դեռ նախընտրական կամպանիան ավարտված չէ, կարող են լինել նաեւ անսպասելի իրավիճակներ, շրջադարձներ, բայց այսօրվա զարգացումները ինձ ավելի շատ երկրորդ փուլի հավանականության մեծացման հեռանկար են ցույց տալիս», - ընդգծեց նախագահի թեկնածուն` վստահություն հայտնելով, որ երկրորդ փուլ անցնող երկու թեկնածուներից մեկը ինքը կլինի:

Այն հարցին, որ եթե, այնուհանդերձ, երկրորդ փուլում ինքը չլինի, ո՞ւմ օգտին կփորձի կողմնորոշել իր ընտրազանգվածին, Վահան Հովհաննիսյանը հակադարձեց. - «Նախ, դեռ հստակ չէ` բոլոր թեկնածուները կմնա՞ն որպես գրանցված թեկնածուներ, երկրորդ, հստակ չէ դեռ, թե ովքե՞ր կարող են լինել երկրորդ փուլում: Ես կարծում եմ, որ ես կլինեմ: Ես «եթե»-ի վրա հիմնված հարցի չեմ ուզում պատասխանել պարզ պատճառով. եթե մարդը սկսում է մտածել` ում ինքը կպաշտպաներ հետո, ուրեմն` վստահ չէ իր սեփական ուժերի եւ հաջողության հնարավորության վրա: Իսկ ես վստահ եմ, դրա համար նման հարց ես հիմա քննարկելու ոչ մի պատճառ չունեմ»:

«Մենք պաշտպանում ենք մեզ ու մինչեւ վերջ պաշտպանելու ենք մեզ», - ընդգծեց դաշնակցական թեկնածուն:

«Այսինքն, բացառվո՞ւմ է, որ որեւիցե փուլում, որեւիցե իրավիճակում պաշտպանեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - այս հարցին Վահան Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ում մենք կպաշտպանենք երկրորդ փուլում, եթե այդ երկրորդ փուլում ես չլինեմ` մենք կորոշենք, երբ այդ երկրորդ փուլի առկայությունը դառնա ռեալ: Իսկ հիմա այդ մասին խոսելը, կարծում եմ, ժամանակից շուտ է»:

Թե որքանո՞վ են այսօր մրցակցային պայմանները թեկնածուների համար հավասար` այդ առնչությամբ նախագահության թեկնածուն ասաց. - «Ասիմետրիա, անկասկած, կա: Ասիմետրիայի մեջ, իհարկե, կա օբյեկտիվ գործոն: Մի թեկնածու ավելի քիչ հնարավորություն ունի` նյութական, կազմակերպական կառույց չունի, հռետորական արվեստին չի տիրապետում: Այսինքն` բոլշեւիկյան տիպի հավասարություն, իհարկե, չի կարող լինել: Օբյեկտիվ գործոնների մեջ կարելի է նաեւ նկատել այն, որ թեկնածուներից գործադիր իշխանության ներկայացուցիչը, շարունակելով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, շատ ավելի է երեւում հանրությանը, որովհետեւ կառավարության նիստեր կան, կառավարության որոշումների պարզաբանում կա, բնական է: Սա` օբյեկտիվ մասը: Սուբյեկտիվ մասը, իհարկե, այն է, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը եւ շահագործումը միայն մեկ թեկնածուի հնարավորությունների շրջանակներում է: Սա կարելի է դիտել որպես սուբյեկտիվ մաս: Սա, իհարկե, ողբերգություն չէ, բայց նաեւ բացասական երեւույթ է` ոչ միայն Հայաստանին բնորոշ»:

Ինչ վերաբերում է խախտումների ու կեղծիքների «որոշակի թույլատրելի չափի» մասին իրեն վերագրվող արտահայտությանը` Հովհաննիսյանը շեշտեց. - «Թույլատրելի չափ ընդհանրապես չկա: Ես չեմ խոսել թույլատրելի չափի մասին, ես խոսել եմ այն չափի մասին, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա կամ կրիտիկական մասսայից քիչ լինի եւ չունենա նման ազդեցություն: Սա է տարբերությունը: Իսկ անթույլատրելի է ցանկացած խախտում, ցանկացած բռնություն մարդու կամքի վրա, կամ ցանկացած քաղաքական կամքի ուղղորդում ճնշման կամ ընտրակաշառքի ձեւով: Բայց դա կարող է 10 հազար անգամ կրկնվի, կարող է 20 անգամ կրկնվի»:

Ընտրարշավի ընթացքում իրենց կողմից մինչ օրս արձանագրված խախտումները Վահան Հովհաննիսյանը դեռ չի համարում «ինչ-որ վճռորոշ եւ արդեն կրիտիկական». - «Դրանք ուղղակի մատնանշում եմ հիմա, որ լսեն ու չանեն: Կարծում եմ, որ փոփոխություն այս առումով կլինի»:


Աննա Իսրայելյան, Ռուզաննա Ստեփանյան, Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG