Մատչելիության հղումներ

Փետրվարի 15-ից հայաստանյան մամուլի շարքերը կհամալրի եւս մեկ քաղաքական օրաթերթ` «Հրապարակ»-ը: Թերթի խմբագիր Արմինե Օհանյանը, ով մինչ վերջերս խմբագրում էր «Ժամանակ Երեւան» օրաթերթը, խոստանում է ապահովել անաչառ եւ անկողմնակալ լրատվություն` զերծ մնալով քաղաքական որեւէ ուժի ազդեցությունից:

«Ազատություն» ռադիոկայանին Արմինե Օհանյանը հայտնեց, որ «թերթը քաղաքական օրաթերթ է լինելու, ազատ թերթ է լինելու». - «Հասարակությունը հոգնել է միակողմանի, այս կամ այն քաղաքական ուժին, մարդկանց խմբերին ծառայող լրատվամիջոցներից, եւ ժամանակն է, որ դաշտում հայտնվի այնպիսի մի թերթ, որը որեւէ կողմնորոշում չունի, նախապաշարումներ չունի, նախատրամադրվածություններ չունի»:

Հովանավորների մասին հարցին ի պատասխան` խմբագիրը վստահեցրեց. - «Ինքս փնտրել եմ, գտել եմ հովանավորներ: Պետք է ասեմ, որ իրենց համար այսպիսի անկախ թերթ ֆինանսավորելը ոգեւորող գաղափար էր: Պարզվեց, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են լրագրողներին այդպիսի հնարավորություն տալ, որպեսզի ունենան ազատ լրատվամիջոց, որտեղ չեն լինի սահմանափակումներ»:

Միաժամանակ, նա անուններ չնշեց` ասելով. - «Ես ինքս ինձ իրավունք չեմ վերապահում: Ինձ թվում է, թերթի զուտ բովանդակությունից կարելի է ենթադրել, որ նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք Հայաստանի ապագայով են մտահոգ»:

«Ըստ որոշ տեղեկատվության, դուք «Ժամանակ Երեւան»-ից դուրս եկաք, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ձեզ վրա ճնշում էր գործադրում եւ նրանք դժգոհ էին ձեր աշխատանքից: Ի վերջո, փակագծերը չե՞ք բացի», - այս հարցին Արմինե Օհանյանը արձագանքեց. - «Ես հենց այդ ազատ թերթ անելու զոհը դարձա, այսպես ասած: Իմ նպատակը «Ժամանակ Երեւան»-ը այդպիսի ազատ թերթ դարձնելն էր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, հասարակության բոլոր անդամները կկարողանան արտահայտվել: Դե, ինձ թույլ չտվեցին` կարճ ձեւակերպեմ այսպես: Չեմ ուզենա անուններ տալ, մանավանդ որ նախընտրական շրջան է, եւ ես չէի ուզենա նպաստել կամ գործիք դառնալ, կամ, առավել եւս, ինչ-որ մարդկանց վնասել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG