Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը, որի հիմնադիր անդամն է ԱԺ պատգամավոր հակոբ Հակոբյանը, հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Վերջին օրերին ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի կողմից փորձ է արվում վարկաբեկել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքը: «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը, դատապարտելով Սպարապետի հիշատակի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող այդ ճղճիմ փորձերը` կոչ է անում Արտաշես Գեղամյանին այսուհետ տուրք չտալ իր «հոռի բարքերին» եւ հանգիստ թողնել Հայաստանի ազգային հերոս, հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին»:

«168 ժամ» թերթի մեկնաբանը, պատասխանելով հարցին, թե ինչու հասարակությունը նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին ուշադրություն չի դարձնում, պատկերել է. - «Մեր երկրում ամեն ինչ այնքան աբսուրդ վիճակում է, որ ոչ մի ծրագիր էլ չի դիմանա քննադատության։ Ոչ միայն այն պատճառով, որ մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է, այլ՝ ամեն ինչ ի սկզբանե հիմնված է խարխուլ հիմքերի, ստի վրա...Պետք է նախ՝ ռեալ, օբյեկտիվ գնահատական տրվի ներկա վիճակին, նոր հետո խոսվի ապագա ծրագրերի մասին։ Մեզ մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն է. իշխանությունների խոսքերով՝ դրախտի ճանապարհին ենք, ընդդիմության կարծիքով՝ արդեն թակում ենք դժոխքի դուռը»։ «Այս պարագայում ապագայի մասին կոնկրետ ծրագրով խոսելն անիմաստ է, եւ հասարկությունն էլ այդ ծրագրին ուշադրություն չի դարձնում», - բխեցրել է մեկնաբանը։

Իր հերթին քննելով նախագահական ընտրությունների առանձնահատկությունները՝ «Ազգ» թերթի մեկնաբանը արձանագրել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն եւ մասնակցությունը նախագահական ընտրություններին թեեւ որոշ ինտրիգ հաղորդեց դրանց, բայց կտրուկ իջեցրեց քաղաքական բանավեճի նշաձողը: Ընդ որում, նախկին նախագահը անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ սկսեց տեղալ ոչ միայն իշխանության թեկնածուի, այլեւ գործնականում բոլոր քիչ թե շատ հայտնի թեկնածուների ուղղությամբ»։ «Դե, իսկ գործող իշխանությունների հասցեին «մոնղոլ-թաթարական», «ավազակապետական» եւ այլ բնորոշումները ամենեւին էլ սեփական իրավացիության ապացույցը չէին», - գրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Մի խոսքով, առաջին նախագահի կողմից բոլշեւիկյան մեթոդների կիրառման հետեւանքով Հայաստանի քաղաքական դաշտում աննախադեպ ավելացավ անհանդուրժողականությունը, ըստ էության վերացավ գաղափարների եւ ծրագրերի բախումը` փոխարինվելով վիրավորանքների եւ շանտաժների փոխադարձմամբ»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը դիտարկել է. - «Քաղաքագիտական բոլոր կանոնների համաձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող հաղթել։ Շատ պարզ պատճառով. մեզ նման երկրներում, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն` ընդդիմադիր թեկնածուն պետք է համախմբման ճանապարհով գնա»: «Հակադրությունների սերմանումն ու ժողովրդի պառակտման ճանապարհը երբեք հաջողության չեն կարող բերել», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատն այնքան թույն են մտցրել քաղաքական դաշտ, որ մնացածները ստիպված են պատասխանել: Իսկ թույնի օգնությամբ դեռ ոչ մի ընդդիմություն չի կարողացել համախմբել հասարակությանը»:

«Առավոտ» թերթի հարցազրույցում «ակնհայտ սպառնալիք» տեսնելով նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքի մեջ, թե «ընտրություններից հետո մենք պետք է ցուցանենք այն մարդկանց, ովքեր զազրախոսում են, եւ այդ մարդիկ պիտի պատասխան տան», ՀԺԿ-ի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը հակադարձել է. - «Երբ այդպիսի վերացական սպառնալիք հնչում է ընդդիմադիր թեկնածուի կողմից եւ կոնկրետ արարքի հետ է կապված՝ մի բան է, այլ բան է, երբ նման սպառնալիք հնչում է գործող իշխանության ներկայացուցչի, վարչապետի եւ համապատասխան վարչական լծակներ ունեցողի կողմից»։ «Այս դեպքում դա ակնհայտ ճնշում է եւ վախի մթնոլոտ ստեղծելու փորձ է, առավել եւս, որ կան նախադեպեր», - հավելել է խոսնակը։

«Հայկական ժամանակ»-ը «Համաձայն չեն» վերնագրի ներքո փոխանցել է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մարալիկի կազմակերպության թվով 40 անդամներ հայտարարել են կուսակցությունից դուրս գալու իրենց որոշման մասին: Պատճառը նախագահի առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումն է»: Ըստ թերթի, 40 ԲՀԿ-ականների ստորագրությամբ տարածված հայտարարությունում ասված է. - «Տեսնելով, որ կուսակցությունն իր առաջ դրել է Սերժ Սարգսյանին սատարելու խնդիր, չհամաձայնելով դրա հետ` դուրս ենք գալիս կուսակցությունից եւ սատարում ենք ՀՀ առաջին եւ երրորդ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG