Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ֊-ի զեկույցն արձանագրել է հեռուստակայանների կողմից թեկնածուների անհավասարակշիռ լուսաբանում


Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է այսօր:

Հունվարի 11-֊ից 20-֊ն իրականացված դիտարկումը պարզել է, որ քարոզարշավից առաջ դիտարկված 7 հեռուստակայաններից երեքը իրենց նորություններում 9 թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը նվիրել են Սերժ Սարգսյանին: Մեծավ մասամբ նա լուսաբանվել է որպես վարչապետ:

«Պարոն Սարգսյանին հատկացված ժամանակը, նույնիսկ հաշվի առնելով նրա պաշտոնական վարչապետական պարտականությունները, Հ2, «Կենտրոն», «Շանթ» եւ «Արմենիա» մասնավոր հեռուստակայաններով գերազանցել է այն ժամանակը, որը կարող է դիտվել օբյեկտիվության չափանիշներին համապատասխան»,֊ - ասված է զեկույցում:

«Ի տարբերություն բացառապես դրական եւ չեզոք լուսաբանման, որին արժանացել է Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր֊-Պետրոսյանը պարբերաբար ներկայացվել է բացասական լույսի ներքո: Երկու հեռուստակայաններում՝ Հ2-֊ում եւ ԱԼՄ-֊ում Լեւոն Տեր֊-Պետրոսյանի բացասական լուսաբանման ծավալը գերազանցել է դրական եւ չեզոք լուսաբանումը միասին վերցրած»,֊ - փաստել են զեկույցի հեղինակները:

«Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Հանրային ռադիոն ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել թեկնածուներին հատկացված ժամանակի հարցում, քան հեռուստակայանները: «Ազատություն» ռադիոկայանի եթերը պարունակում էր ավելի մեծ բազմազանություն` թեկնածուներին լուսաբանելիս, ներկայացնելով Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր֊Պետրոսյանին դրական, բացասական եւ չեզոք երանգներով»,֊ - արձանագրել են զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG