Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի քաղաքագետները կանխատեսում են հայաստանյան ընտրությունների արդյունքները


«Ռոսիյսկայա գազետա» թերթն այսօր ներկայացնում է ռուսաստանցի քաղաքագետների կարծիքները, ըստ որոնց Հայաստանում նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը:

«Քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը կանխատեսում է. - «Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պետք է հաղթի առաջին փուլում: Ըստ սոցիոլոգների տվյալների, ձայների 60 տոկոսը գործող իշխանության օգտին՝ միանգամայն իրական է»:

Գնահատելով Լեւոն Տեր֊-Պետրոսյանի հնարավորությունները, Նիկոնովը նշում է. - «Առայժմ չեմ տեսնում, թե ինչպես նա կարող է արդարացնել սպասումները: Նրա ներուժն առայժմ մեծ չէ: Մինչդեռ բացասական վարկանիշով նա առաջատարն է»:

«Փորձարարական ստեղծագործական կենտրոն» կորպորացիայի նախագահ, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը կարծիք է հայտնում. - «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հիշեցնում են երկու ասպետի, որոնք դարպասից դուրս են եկել, բարձրացրել են թրերը, եւ այդ պահից սկսվում է ճակատամարտը, սկսվում է կռիվը: Ինձ թվում է, որ նրանք մտադիր են հաղթել այդ ճակատամարտում, նրանց նույնիսկ մի փոքր խթանում է Տեր֊-Պետրոսյանի ներկայությունը՝ դա իրական պայքարի, այլ ոչ թե մանեկենների դեմ կռվի հնարավորություն է: Նրանք ցանկանում են հաղթել եւ կհաղթեն, երեւի, հենց առաջին փուլում՝ դրան շատ բան է նպաստում»:

Իսկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կանխատեսում է. - «Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցնեն մեկ փուլով: Ունենալով արդյունավետ կազմակերպական, տեղեկատվական եւ վարչական ռեսուրսներ, իշխող դասի միասնականությունը, վերջին տարիներին ամենաբարձր տնտեսական եւ սոցիալական ցուցանիշները, ներկա վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթելու բոլոր հնարավորություններն ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG