Մատչելիության հղումներ

logo-print

«Լեգիտիմ նախագահ-2008» շարժման անդամները դիմել են դատախազություն


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակում «Լեգիտիմ նախագահ -2008» շարժման համակարգող խորհրդի անդամներ Գառնիկ Մարգարյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Գուրգեն Եղիազարյանը պահանջում են քրեական գործ հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի` Ազգային ժողովի պատգամավոր Սաշիկ Սարգսյանին վերաբերող հրապարակման կապակցությամբ:

«Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայտնի Թեւոսիկի` Սանկտ Պետերբուրգում սպանված քրոջ որդու թաղման արարողության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ասել է հետեւյալը. -«Մենք էդքան մարդու պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էդպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի` էդքան էլ կպառկացնենք», - անցած տարվա դեկտեմբերի 27-ին գրել էր «Հայկական ժամանակ»-ը:

«Նամակը ձեւակերպված է հետեւյալ կերպ. որ մամուլի էջերում տպագրված է Սաշիկ Սարգսյանի Սանկտ Պետերբուրգում արած հայտարարությունը հոկտեմբերի 27-ի հետ կապված դեպքերի մասին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: - «Թերթը արդեն հայտարարել է, որ ինքը ճիշտ է, ինքը ունի հիմքեր գրելու համար: Պետք է հրավիրել Սաշիկ Սարգսյանին եւ պահանջել բացատրություն հայտարարվածի մասին»:

«Սա է մեր նամակում գրված տեքստը», - շարունակեց Մարգարյանը` հավելելով. - «Մենք պահանջում ենք օրենքի սահմաններում հրավիրել, իսկ եթե դա փաստ է` ապա միացնել այն կասեցված գործին «Հոկտեմբերի 27»-ով, եւ որպես մասնակից, հրահրող, սադրիչ պատասխանատվության ենթարկել: Եթե ոչ` պարզել մինչեւ վերջ»:

«Երբ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարում է, որ մենք պառկեցրեցինք, էլի կպառկեցնենք, առավել եւս պետք էր հանգամանորեն ստուգել այս ամեն ինչը եւ հասարակությանը տեղյակ պահել», - ասաց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նամակը ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով կուսումնասիրեն եւ պաշտոնական պատասխան կուղարկեն դիմումատուին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG