Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հակադարձեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի` անցած շաբաթ ասածին, թե Տեր-Պետրոսյանը ուզում է «քիրվայություն անել» Ադրբեջանի հետ:

«Եթե ինքը [Ռոբերտ Քոչարյանը] ժողովուրդների համագործակցությունը, բարիդրացիականությունը հասկանում է որպես քիրվայություն, դա իր կուլտուրայի, իր հոգու արտահայտությունն է. ուրիշ ոչինչ», - Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Այո, ես հայտարարել եմ, որ այդ հողը, որ երեք հազար տարի եղել է հայկական, երեք հազար տարի էլ մնալու է հայկական»:

«Անհրաժեշտ է, որ այդ նվաճումը ամրագրվի միջազգային պայմանագրով, որից հետո, այո’, մենք Ադրբեջանի հետ ե’ւ համագործակցելու ենք, ե’ւ բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու», - շարունակեց նա` փաստարկելով. - «Որովհետեւ մեր ելքը դեպի արտաքին աշխարհ հիմնականում Ադրբեջանն է: Ադրբեջանական երկաթուղին էր ապահովում Հայաստանի բեռնափոխանակության 85 տոկոսը»:

Նրա խոսքով, այսօրվա «ավազակապետերը» իշխում են երկու անօրինականության շնորհիվ` կեղծված ընտրությունների եւ «Հոկտեմբերի 27»-ի:

«Այն հաղթանակները, որոնք ձեզանից կորզվել են 1998 թվականին, 2003 թվականին, ետ բերեք: Սա ձեր հաղթանակն է տեր կանգնեք ձեր հաղթանակին», - բազմաթիվ հավաքվածներին կոչ արեց Տեր-Պետրոսյանը:

«Պատկերացրեք Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը` շարունակված եւս տասը տարի, այս անգամ Սերժ Սարգսյանի կերպարանքով... Սա մի այնպիսի մղձավանջային հեռանկար է, որ ես իմ թշնամուն անգամ չեմ ցանկանա», - հայտարարեց նա:

Գեղարքունիքի մարզում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Լիճք, Կաթնաղբյուր, Վարդենիկ, Ծովինար գյուղերում, այլ բնակավայրերում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG