Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր, առանց անուն հիշատակելու, հակադարձեց Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանին:

«Որոշ թեկնածուներ այս հանգամանքը, ասում են, որ կարող է վնասել Հայաստանի առաջընթացին. որովհետեւ խորհրդարանը, ինչպես իրենք են ասում, պատկանում է մեկ կուսակցության», - Աշտարակում ընտրողների հետ բազմամարդ հանդիպմանը ասաց Սերժ Սարգսյանը: - «Բայց բոլորիդ պարզ է, որ խորհրդարանը մեր ժողովրդինն է: Այո, մենք խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում: Ասում են` եթե նախագահն էլ լինի Հանրապետական կուսակցության թեկնածուն, ապա երկրում կլինի միահեծան իշխանություն, ապա երկրում որեւէ մեկը չի կարող լինել, որը իր քննադատությամբ նախագահին դրդի ավելի լավ աշխատելու»:

«Բայց բոլորդ գիտեք, որ ես ոչ միայն Հանրապետական կուսակցության թեկնածուն եմ, այլ նաեւ «Բարգավաճ [Հայաստան]» կուսակցության եւ բազմաթիվ այլ կուսակցությունների եւ հայրենակցական միությունների», - եզրափակեց նախագահի թեկնածուն:

Հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ընտրվելու դեպքում ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը ասաց. - «Ինձնից լավ վարչապետ»:

Իսկ ապագա վարչապետի կուսակցական պատկանելության մասին հարցին արձագանքեց. «Ես դեռեւս այդ մասին չեմ մտածել: Բայց վստահ եղեք, որ հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող են լավ կատարել այդ դժվարին գործը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG