Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատություն» ռադիոկայանի «Թեկնածուների կլոր սեղան». Վազգեն Մանուկյան


«Հայաստանում 1995 թվականից դրված է մի բանաձեւ` իշխանությունը վերարտադրվում է, եւ իշխանության վերարտադրման դեմ կանգնել կարելի է միայն այն դեպքում, եթե քո հետեւից հսկայական զանգված է, ինչպես, ասենք, 1996 թվականին», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, «այս ընտրությունների մեջ կա բավական մեծ անորոշություն` չկա այն բանաձեւը, որով մարդիկ պետք է ընտրություն կատարեն»:

«Ես ներկայացնում եմ գաղափարական, փիլիսոփայական մի ուղղություն` ազգային ժողովրդավարություն ուղղությունը, որ, իմ կարծիքով, ժողովրդի մեծ մասը դրա կողմնակիցն է մտովի: Հնարավորություն կստեղծվի՞ համախմբել եւ հասնել արդյունքի` մինչեւ չպայքարես, չես իմանա, թե ինչ արդյունքի կարող ես հասնել», - ասաց նախագահի թեկնածուն` հավելելով. - «Վերաբերմունքը այսպիսին է. մարդկանց մեծ մասը, ճնշող մեծամասնությունը ասում են` «իսկապես, Վազգեն Մանուկյանին մենք կողմ կլինենք, որ լինի նախագահ, բայց իր հետեւը չկա կանգնած ուժ, դրա համար չենք հավատում, որ կդառնա»: Նրանք չեն հասկանում, որ ուժը իրենք են: Սովորաբար ուժ ասելով ի նկատի ունեն` կա’մ հետեւդ պետք է կանգնած լինի Ռուսաստանը, կա’մ Ամերիկան, կա’մ Եվրոպան, կա’մ օլիգարխներ, կա’մ հսկայական ֆինանսներ: Մարդիկ պետք է սովորեն, որ ուժը իրենք են: Իմ նպատակը դա է` ապացուցել մարդկանց, որ իրենց միջոցով կարելի է միայն փոփոխություններ կատարել Հայաստանում»:

Անդրադառնալով 1996 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձություններին` Մանուկյանը նշեց. - «1996 թվականի մասին ես երբեմն ասում եմ` եկեք չվերադառնանք հին օրերին, որովհետեւ շատ անգամ շատ ուժեր, այդ թվում նաեւ իշխանությունները, փորձում են այդ վիճաբանության մեջ իմ ու Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճաբանություն բացել եւ իմ միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ես չեմ ուզում ուրիշների խաղերի մեջ մասնակցել: Բայց 96 թիվը երկու շատ կարեւոր նշանակություն ունի: 96 թվին, ես կարծում եմ, որ շեղվեց մեր պետության զարգացումը, իր ուղուց շեղվեց: Բոլոր թերությունների հետ միասին` այս պետությունը կարող էր նորմալ զարգանալ, եթե 95, 96 թվին քիչ թե շատ նորմալ ընտրություններ լինեին. չեղավ, եւ մինչեւ հիմա մենք ճաշակում ենք դա: Չլիներ այդ 96 թիվը, այս բոլոր բաները ... մենք հիմա չէինք քննարկի Սերժ Սարգսյանի նախագահ լինելու-չլինելու հարցը, դա կլիներ ծիծաղելի միտք, պետությունը կգնար լրիվ ուրիշ ուղղությամբ: Այսինքն, մեկը այն էր, որ դա ջրբաժան էր` մենք ուրիշ ճանապարհով գնացինք:

Երկրորդը` մինչեւ հիմա իշխանությունը միշտ փորձում է իրեն վերարտադրել, բայց ամենաբուռն գործողությունները, որոնք տեղի են ունեցել, տեղի են ունեցել 96 թվին: Հետո ոչ մի անգամ արդեն կեղծիքների դեմ այդպիսի հզոր պայքար չի եղել: 96 թվին, դուք նաեւ հիշեք, որ մեր նպատակը, վերջ ի վերջո, Գերագույն խորհուրդը չէր. մենք գնում էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, պատահաբար դա նույն շենքում էր գտնվում: Եվ դրված էր ոչ թե հարց, որ «Լեւոն Տեր-Պետրոսյան, հեռացիր», մենք ասում էինք` բոլոր տեղերից երեք տուփ պատահական բացեք` ստուգեք, մենք համաձայն կլինենք միջինացված արդյունքներին, իրենք վախենում էին դա ստուգել: Վերջին րոպեին իրենք ասացին, որ եկեք հանձնաժողով ստեղծենք եւ ստուգենք, ես ժողովրդին հանեցի: Ժողովրդին հանեցի, որովհետեւ արդեն կրակոցները սկսվել էին, եւ մարդկանց դնել վտանգի տակ` իմաստ չուներ: Այդ դեպքում հարց առաջացավ. երկու ճանապարհ կար` կա’մ գնալ եւ գրավել նախագահական դղյակը` այդպիսի առաջարկներ կային, որին ես կտրականապես դեմ էի ... Եվ ինձ շատ անգամ մեղադրում են, թե ինչո՞ւ մինչեւ վերջ չգնացի, այսինքն` ինչո՞ւ չգնացի արյան գնով: Ես ասում եմ` արյան գնով եթե մենք գնայինք, պետությունը ավելի մեծ հարված կստանար: Վաղը-մյուս օրը նույն մարդիկ, որ քեզ դրդում էին, որ գնայիր արյան ճանապարհով, ասելու էին, որ աթոռի վրա նստելու համար այս մարդիկ արյուն թափեցին, եւ անվստահությունը ոչ միայն քո նկատմամբ, այլեւ պետության ապագայի նկատմամբ սասանվելու էր: Այսինքն` ինչ-որ եզր կար, որտեղ պետք էր կանգնել»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ այդ իրադարձություններից հետո նա թաքնվել էր, Ազգային ժողովրդավարական միության նախագահը պարզաբանեց. - «Ինչ-որ մի պահից սկսվեցին հալածանքներ, եւ այդտեղ մարդկանց նվաստացուցիչ վիճակի մեջ էին դնում` ես չէի ուզենա նվաստանալ: Ես մի երկու օր իսկապես չերեւացի, բայց հետո ե’ւ մամուլի ասուլիս եմ տվել, ե’ւ դուրս եմ եկել, ե’ւ հանդիպել եմ: Բայց այդ երկու օրը թույլ տալ, որ քեզ նվաստացնեին ... ես չէի ուզենա: Ես պատերազմին եմ մասնակցել, ես փամփուշտների դեմ եմ կանգնած եղել` ես այդպիսի վախ չունեմ: Օրինակ, Դավիթ Վարդանյանին, Ռուբեն Հակոբյանին, Կիմ Բալայանին ձեռուոտը կապած, չեմ իմանում` ոստիկանությունում թե ԿԳԲ-ում, նկուղներում պահած` ծեծում էին: Դա ոչ թե վատ է, որ ֆիզիկապես քեզ ծեծում են, դա նվաստացուցիչ է: Եվ ես իրենց էի ասում, այդ երեկո ես իրենց ասացի. - «Գիշերը գալու են ձեզ վերցնելու, ոչ մեկդ տանը չքնեք, որպեսզի ձեզ չնվաստացնեն»:

«Ձեր թիմը` գոնե այն պաշտոնները, որոնք նախագահը նշանակելու իրավունք ունի, դուք արդեն տեսնո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր լինելու են», - այս հարցին նախագահության թեկնածուն պատասխանեց. - «Այսօրվա ընտրված նախագահը, ուզի թե չուզի, ըստ Սահմանադրության, մեծամասնության հետ պետք է համաձայնեցնի, եւ եթե նույնիսկ ինքը մտքում ունենա այս կամ այն պաշտոնին նշանակելու` համոզելով մեծամասնությանը, երեւի պատեհություն չէր լինի դրա մասին խոսել: Երկրորդը, բացի Սահմանադրությունից` գործում է նաեւ օրենք կառավարություն նշանակելու մասին, եւ այնտեղ գրված է, որ նախագահն է նշանակում Մաքսային վարչության, Հարկային պետական ծառայության, Ոստիկանության պետ եւ այլն: Ես կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ, այդ օրենքը այդպես էլ կպահպանվի, բայց եթե ընդդիմությունը ընտրվի` իրենք հենց առաջին քայլով կփորձեն այդ օրենքը փոխել: Դրա համար այդ մասին խոսելը հիմա իմաստ չունի»:

«Իսկ ինչ վերաբերում է` թիմ, որի վրա դու հենվում ես, այնուամենայնիվ, բացի մեր կուսակցությունից հինգ կուսակցություն էլ կա, որ կողքս կանգնած են, եւ քանի որ ես 20 տարի է քաղաքականության մեջ եմ եւ ե'ւ պաշտոններ եմ ունեցել, ե’ւ ընդդիմություն եմ եղել, ես բավական լավ ճանաչում են Հայաստանում աշխատող կադրերին, եւ եթե հնարավորություն լինի նշանակումների, ես չեմ կարծում, որ պետք է առաջնորդվել միայն կուսակցական սկզբունքով», - հավելեց Վազգեն Մանուկյանը:

«Դուք ընդունում եք, որ այս Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները ավելի սահմանափակ են, բայց ասում եք` «ժողովրդի ճնշման միջոցով մենք կհասնենք նրան, որ կառավարությունը եւ խորհրդարանը կընդունեն որոշակի որոշումներ»: Այսինքն` ինչպե՞ս», - այս հարցին նախագահության թեկնածուն արձագանքեց. - «Ժողովրդի ճնշում` չի նշանակում ժողովրդին դուրս հանել փողոց: Դուք պատկերացրեք, որ այս պայմաններում, երբ անընդհատ վերարտադրվում է իշխանությունը, եւ առաջին անգամ չի վերարտադրվում, նոր մարդ է գալիս, ու այդ նոր մարդու գալը ի՞նչ է նշանակում` որ առնվազն 80 տոկոսը ժողովրդի կանգնել է հետեւը, ձայն է տվել եւ հետո պայքարել է փողոցներում, որպեսզի ինքը դառնա նախագահ: Բնական է, որ այդ ուժի դեմ, կիսատ-պռատ պատգամավորների մի մասի մասին եմ խոսում` նրանք ուզեն-չուզեն պետք է ժողովրդի հետ հաշվի նստեն: Եթե դու ունես ուժ, դիմացինի նկատմամբ պարտադիր չէ այդ ուժը կիրառես, գիտակցումը, որ դու այդ ուժը ունես, բերում է նրան, որ ինքը սկսում է որոշ չափով ընդունել քո ասածները»:

Վազգեն Մանուկյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ նորմալ ընտրությունների դեպքում կշնորհավորի ընտրված նախագահին` ով էլ նա լինի. - «Դա այն սկզբունքն է, որ ի սկզբանե է դրված: Նույնիսկ 91 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ, առաջինը ես եմ մոտեցել իրեն, գրկախառնվել եմ, շնորհավորել եմ, չնայած իմ հակառակորդն էր, բայց ընտրվել էր նախագահ: Ես կուզենամ` լեգիտիմ նախագահի միջոցով փոխվի իրավիճակը»:


Աննա Իսրայելյան, Աստղիկ Բեդեւյան եւ Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG