Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը, իր խմբագրականում անդրադառնալով Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում օլիգարխների «բոմժ» դառնալու վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրած նախազգուշացմանը, գրում է. - «Երկնքից ժայթքող կրակների տեսարանները, բնականաբար, նախատեսված են լայն զանգվածների հեղափոխական ոգին բարձրացնելու համար: Մարդկանց պետք չէ բացատրել, թե ինչ է լինելու Սերժի հաղթանակի դեպքում. ակնհայտ է, որ մնալու է այն, ինչ կա: Ավելի հետաքրքիր է իմանալ` ինչի շնորհիվ պետք է ինչ-որ բան այլ կերպ լինի»: Միաժամանակ, թերթի գլխավոր խմբագիրը ընդգծում է, որ Տեր-Պետրոսյանին շարունակում է համարել թեկնածուներից ամենաարժանին:

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում հանրապետական Արմեն Աշոտյանը պնդելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վարում է «ագրեսիվ ու պարկեշտության բոլոր սահմանները հատող քարոզարշավ», բխեցրել է. - «Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի շտաբը փորձում է մաքսիմալ չափով յուրացնել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կերպարները եւ քաղաքական վարկանիշները, ժողովրդի հիշողությունը։ Մոռանալով, որ հենց Վազգեն Սարգսյանն է եղել Տեր-Պետրոսյանին իշխանությունից զրկելու հիմնական քաղաքական գործոնը»։ «Իսկ Կարեն Դեմիրճյանի դեմ Տեր-Պետրոսյանն առ այսօր խոսում է։ Թեպետ իր ասածները ներկայացնում է որպես խորհրդային շրջանին տրված գնահատական, բայց ակնհայտ է, որ նա այդ ամբողջ մեղքը վերագրում է Կարեն Դեմիրճյանին», - հավելել է հանրապետական գործիչը։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը փոխանցել է. - «Վերջերս իշխանական քարոզչամեքենան ինտենսիվորեն աշխատում է մի ուղղությամբ՝ հասարակությանը համոզել, որ Սերժ Ազատիչը հնարավորություն ունի ընտրություններում ոչ միայն հաղթելու, այլ նաեւ` առաջին փուլում հաղթելու։ Նույնիսկ տոկոսն են նշում։ Այնպիսի մի թիվ, որ նույնիսկ Ահարոն Ադիբեկյանը չի համարձակվում որեւէ սոցիոլոգիական հարցումով հիմնավորել»։ «Այն, որ իշխանությունների կողմից սա պարզունակ քարոզչական հնարք է, եւ գաղափարական հող է նախապատրաստվում ապագա թվային «էքսպանսիայի» համար՝ կասկած չկա», - պնդել է մեկնաբանն ու հավելել. - «Քարոզչության ընթացքին ուշադիր հետեւողը նկատած կլինի, որ հանդիպումներում իշխանության ներկայացուցիչները քար լռություն են պահպանում երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճակի մասին։ Հպանցիկ ու անառարկայական խոսում են կոռուպցիայի, տնտեսության մեջ առկա ստվերի մասին, երդվում են «պապայի արեւով», որ անհաշտ պայքար են հայտարարելու դրանց դեմ եւ այսքանով սահմանափակվում»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի դիտարկմամբ` եթե հետեւենք Տեր-Պետրոսյանի ասածին, որ հրաժարականի պատճառը ղարաբաղյան հարցի լուծման իր տեսակետն էր, ապա նա այսօր էլ նույն տեսակետն է ներկայացնում։ «Այսինքն, ստացվում է, որ հայ ժողովուրդը փոխե՞լ է իր կարծիքը Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ եւ համաձա՞յն է լուծման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ուղուն», հարցրել է մեկնաբանն ու անցել նախկին նախագահի վերադարձի հասարակական պահանջի մյուս հնարավոր տարբերակին. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի հիշողության մեջ մնացած լիներ որպես առանձնապես ժողովրդավար նախագահ եւ հիմա մարդիկ հույսեր կապեին, որ նա իշխանության գալու դեպքում Հայաստանի ժողովրդավարության պակաս-պռատը կլրացվեր։ Սակայն, այստեղ էլ 1996-ի կեղծված ընտրությունները դրա հնարավորությունները պարզապես չեն տալիս, քանի որ նման ընտրություններով անցած նախագահն այսօր հաստատ չի կարող հավակնել ժողովրդավար Հայաստանի կերտման, ազատ, արդար ընտրությունների անցկացման երաշխավոր դառնալուն»։

«Հայք» թերթի հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե «ի՞նչ դեր կարող են խաղալ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսը առաջիկա նախագահական ընտրություններում», «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պատասխանել է. - «Վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը կարող են դեր ունենալ որոշակի իրավիճակներում։ Սակայն, կան քաղաքական իրավիճակներ, որոնց դեպքում դրանք չեն աշխատում։ Հիմա Հայաստանում ստեղծվել է հենց այն իրավիճակը, որ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսը դեր չեն ունենա», - պնդել է կուսակցության ղեկավարը։

«Ինչո՞ւ է լռում մտավորականությունը նախագահական ընտրությունների նախաշեմին» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը դիտարկել է. - «Նախկինում գոնե նախագահական ընտրություններում մտավորականությունն էլ էր գլուխ բարձրացնում` սրտացավություն ցուցաբերելով սեփական ժողովրդի ճակատագրով: Իսկ այսօր, չգիտես ինչու, չես տեսնի մի մտավորականի, որ հրապարակավ գլուխ բարձրացնի` բարձր ամբիոններից խոսի ժողովրդի շահերից: Լավագույն դեպքում կտեսնես հուսալքված կամ էլ սեփական եսի համար շահագրգռված մեկ-երկուսին, որոնք կանգնած են այնպիսիների կողքին, որոնցից կամ մեծ ակնկալիք ունեն իրենց իսկ հետագա բարօրության համար, կամ էլ նախկինում պաշտոն զբաղեցրած թեկնածուից մի փայաբաժին էլ իրենք են սպասում վերջինիս նախագահ դառնալու դեպքում... Ահա այստեղ էլ նկատելի է, որ գործարարների ու տնտեսության մեջ մենաշնորհ ունեցող անձերի նման, մեր մտավորականությունը նույնպես սերտաճած է իշխանական թեւերին, որոնք որոշում են՝ ով է գրող, ով՝ նկարիչ կամ ճարտարապետ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG