Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը հանդես եկավ վերջին ամենամյա ուղերձով


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հանդես է եկել իր վերջին՝ թվով 8-րդ ամենամյա ուղերձով, որի ընթացքում խոսել է երկրի առջեւ ծառացած առավել հրատապ ներքին եւ արտաքին խնդիրների մասին:

Բուշը նախազգուշացրել է Իրանին` ասելով, որ Միացյալ Նահանգները վճռական միջոցներով կպաշտպանի իր շահերը Պարսից ծոցում եւ ամենակոշտ քայլերով կարձագանքի իր զորքերին եւ դաշնակից երկրներին սպառնացող հանգամանքներին: Միաժամանակ, նա ասել է, թե ԱՄՆ-ը որեւէ խնդիր չունի Իրանի շարքային քաղաքացիների հետ:

«Մեր ուղերձը Իրանի ղեկավարներին շատ հստակ է՝ դադարեցրեք ուրանի հարստացումը, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները: Միջազգային հանրությանը միանալու համար դուք պետք է ազնիվ լինեք միջուկային ծրագրի հարցում: Դադարեցրեք հալածանքները ձեր երկրի ներսում, արտասահմանում մի աջակցեք ահաբեկիչներին, բայց ամենակարեւորը հետեւյալն է. Ամերիկան Պարսից ծոցում հակահարված կտա բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն սպառնալ մեր զորքերին, մեր բարեկամներին, մեր կենսական շահերին», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Խոսելով Իրաքի մասին` Բուշն ասել է, որ այդ երկրում լրացուցիչ ուժեր տեղակայելու արդյունքում բռնությունների վիճակագրությունը նվազել է: Նրա խոսքերով, բանակը դեռ շատ անելիք ունի, սակայն ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի ընտրած ռազմավարությունը հաղթանակ է ապահովելու:

Նախագահ Բուշն անդրադարձել է ամերիկացիների համար այսօրվա դրությամբ ամենացավոտ թեմային՝ տնտեսության անկումային միտումներին: Նա ընդունել է, որ Միացյալ Նահանգների տնտեսությունն այս պահին գտնվում է անորոշության փուլում, բայց ամերիկացիները կարող են չկասկածել, որ երկարատեւ հեռանկարի առումով տնտեսական զարգացում է լինելու:

Ավանդույթի համաձայն` Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում նախագահի ամենամյա ուղերձն ընթերցվել է հանդիսավոր մթնոլորտում եւ բազմիցս ընդհատվել է ծափահարություններով, ինչում անցած 8 տարիներին առավել ակտիվ եւ ջերմեռանդ են եղել հանրապետականները:

ԱՄՆ-ում նախագահական արդեն 56-րդ ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 4-ին: Ջորջ Բուշը Սպիտակ տանը կմնա մինչեւ նորընտիր նախագահի երդմնակալության օրը, որը նախատեսված է 2009 թվականի հունվարի 20-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG