Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան պատրաստ է արձագանքել Կոսովոյի անկախության ճանաչմանը


Բալկաններում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հատուկ բանագնաց Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն երեկ հայտարարել է, որ արդեն կազմված է ծրագիր, որը կիրառվելու է այն դեպքում, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ճանաչեն Կոսովոյի անկախությունը:

Բոցան-Խարչենկոն չմանրամասնելով ասել է, որ «Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում Ռուսաստանը Սերբիային կառաջարկի ավելի համակարգված գործել»:

Նրա խոսքերով, Ռուսաստանը Սերբիային եւ Կոսովոյին հորդորում է շարունակել բանակցությունները, «թեպետեւ ակնհայտ է, որ դրա հնարավորությունը հետզհետե նվազում է»:

Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն ասել է, որ ԱՄՆ-ը կոշտ ճնշում է բանեցնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի վրա` պահանջելով, որպեսզի գլխավոր քարտուղարն էլ սատարի Կոսովոյի անկախության ծրագիրը: Ռուսաստանցի բանագնացի խոսքերով, Մոսկվան աշխատում է Բան Կի-մունի հետ եւ համոզում է նրան տեղի չտալ ամերիկացիների ճնշումների առջեւ:

Բան Կի-մունը երեկ ասել է, որ «Կոսովոյում ՄԱԿ-ի առաջնահերթ նպատակն էր երկրամասի բնակչության պաշտպանությունը, իսկ քաղաքական խնդրի լուծումը պետք է Եվրոպական միությունը ստանձնի»:

Երեկ Եվրամիությունը հայտարարել է, որ Սերբիայի հետ կայունացման եւ ընկերակցության համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել միայն փետրվարի 3-ին Սերբիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո:

Ենթադրվում է, որ Կոսովոն անկախություն կհռչակի այդ ընտրություններից հետո: Փետրվարի 6-ին աշխատանքն է սկսելու Կոսովոյի նորընտիր խորհրդարանը, որը եւ, հավանաբար, կնշանակի անկախության հռչակման օրը:

«Մի քանի օր է պետք, որ անկախություն հռչակենք, եւ Ռուսաստանը չի կարող դրան խանգարել», - հայտարարել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին եւ հավելել. - «Մեր սահմանադրությունն ու զինանշանն արդեն պատրաստ են»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG