Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատարանը պատժել է պրոֆեսորին


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իզմիրի քաղաքային դատարանը Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորելու մեղադրանքով պրոֆեսոր Աթիլա 3այլային դատապարտել է 15 ամսվա պայմանական ազատազրկան:

Պրոֆեսոր 3այլան Անկարայի Գազիի համալսարանում դասավանդում է «Արդիական քաղաքագիտություն» առարկան: 2006 թվականին տեղի ունեցած գիտաժողովում նա համարձակվել է կասկածի տակ առնել Աթաթուրքի ներդրումը Թուրքիայի առաջխաղացման գործում եւ հրապարակավ հարց է տվել, թե ինչո՞ւ են ամենուր տեղադրված Աթաթուրքի արձաններն ու նկարները:

Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորելը Թուրքիայում քրեորեն պատժելի արարք է: 3այլային անորոշ ժամանակով արգելել են դասավանդել Գազիի համալսարանում այն բանից հետո, երբ երբ տեղական մամուլը հրապարակել է նրա մեկնաբանությունները:

CNN Turk մասնավոր հեռուստակայանի փոխանցմամբ, «պրոֆեսորի պայմանական ազատազրկման ընթացքում հատուկ փորձագետները հետեւելու են նրա գործունեությանը»:

Աթաթուրքը մահացել է 1938 թվականին: Նրա կյանքը եւ գաղափարները պարտադիր ներկայացված են դպրոցական դասագրքերում, ամեն տարի միլիոնավոր մարդիկ այցելում են Անկարայում Աթաթուրքի դամբարանը, իսկ նոյեմբերի 10-ին երկու րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում նրա հիշատակին:

Թուրքերի մեծամասնությունը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին համարում է ռազմական եւ պետական առաջնորդ, ով կարողացել է փրկել երկիրը, դուրս վտարել օտարերկրացի զավթիչներին, ստեղծել դեպի Արեւմուտք կողմնորոշվող աշխարհիկ հանրապետություն, որտեղ կրոնը տարանջատված է քաղաքականությունից եւ կանայք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ են ստացել:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Եվրոպական միությունը, հավանաբար, կարձագանքի այդ միջադեպին եւ պրոֆեսոր 3այլայի պայմանական դատավճիռը կորակի որպես Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման հերթական վկայություն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG