Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր հայտարարեց, որ 16-ամյա Հայոց բանակը անցած տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր ուժը, եւ այդ ուժը տեսնում ու գիտակցում են նաեւ հարեւան երկրները:

«Հարեւան պետությունները ռազմատենչ հայտարարություններ են անում», - Եռաբլուրում լրագրողների ասաց Հարությունյանը: - «Բայց, հասկանալով Հայաստանի Հանրապետության բանակի ուժը, միայն խոսում է, պրակտիկ չի կարող ոչ մի քայլ կատարել»:

«Բանակը հզոր է, բանակը մարտունակ է, եւ պատրաստ է պաշտպանել հայ ժողովրդին, մեր պետության անվտանգությունը, մեր սահմանների անվտանգությունը», - հավելեց պաշտպանության նախարարը:

Առաջիկ նախագահական ընտրություններում նախընտրած թեկնածուի վերաբերյալ` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Միքայել Հարությունյանը ասաց. - «Ես շուտվանից եմ կողմնորոշվել` ես պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որովհետեւ ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի մեջ այն մարդուն, որը կարող է ղեկավարել մեր պետությունը, դառնալ Գերագույն գլխավոր հրամանատար»:

Հարցին, թե արդյոք բանակը կիսում է նրա կարծիքը, պաշտպանության նախարարը արձագանքեց. - «Ամեն մի մարդ ինքը կորոշի բանակում, թե ում տա իր քվեն: Բայց ես համոզված եմ, որ բանակը շատ լավ է հասկանում, եւ համոզված եմ, որ մեծամասնությունը, եթե չասեմ` է’լ ավելին, տալու են իրենց քվեները Սերժ Սարգսյանին: Ճանաչելով այդ մարդուն, որը եղել է տասնյակ տարիներ պաշտպանության նախարար` ե’ւ պատերազմի ժամանակ, ե’ւ վերջին 7 տարիներին, եւ ամեն ինչ արել է, որ այդ բանակը մարտունակ լինի, կայանա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG