Մատչելիության հղումներ

Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ այսօր hանրապետության բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվել են պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, զորամասերի հրամանատարներ, գնդապետներ Արմեն Մզիկյանը եւ Անդրանիկ Փիլոյանը:

Բարձրագույն սպայակազմի այլ ներկայացուցիչներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Մի շարք զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Արիության, Մարտական ծառայության մեդալներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG