Մատչելիության հղումներ

Օբամայի հայազգի կողմնակիցը նպաստեց Հարավային Կարոլինայում նրա հաղթանակին


Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով համոզիչ հաղթանակ տարավ Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ` Օբամայի հաղթանակին մեծապես նպաստել է նրա նահանգային շտաբի ղեկավար Ռիչարդ Արա Հարպութլյանի նախահարձակ մարտավարությունը:

58-ամյա հայազգի այս դեմոկրատ գործիչը, ով երկար տարիներ եղել է Հարավային Կարոլինայի դեմոկրատների առաջնորդը, քվեարկությունից մի քանի օր առաջ MSNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դեմոկրատական կուսակցությունից մյուս առաջատար թեկնածուի` ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնի աջակիցներին մեղադրեց Օբամայի դեմ քարոզչական անազնիվ մեթոդներ կիրառելու մեջ: Հարպութլյանը պնդում էր, որ Քլինթոնի կողմնակիցները նախընտրական հանդիպումների ու բանավեճերի ընթացքում առաջին պլան են մղում ռասայական թեման` փորձելով համոզել ամերիկացի ընտրողներին, թե սեւամորթ թեկնածու Օմաբան Միացյալ Նահանգներում նախագահ դառնալու շանս չունի:
«Քլինթոնը պետք է ասի իր թիմակցիներին. - «Մենք այլեւս չենք անդրադառնալու ռասայական թեմային», - ասել էր Հարպութլյանն իր հարցազրույցում:

Մեղադրանքի հիմնական թիրախ դարձնելով նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, ով վերջին շրջանում ակտիվորեն ներգրավվել է իր տիկնոջ նախընտրական արշավում, Ռիչարդ Հարպութլյանը նրան համեմատել էր 80-ականների հանրապետական գործիչ Lի Աթուոթերի հետ: Նախագահներ Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշ-ավագի խորհրդական Աթուոթերը հայտնի էր քարոզչական «սեւ» հնարքների նկատմամբ հակվածությամբ:

Բիլ Քլինթոնը լրագրողների հետ զրույցում այսպես էր արձագանքել Հարպութլյանի հայտարարություններին. - «Դուք ինձ հարց եք ուղղում` ասելով, որ Հարպութլյանը ինձ համեմատել է Lի Աթուոթերի հետ: Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ նման մարդկանց դեմ պայքարին, իսկ հիմա դուք ինձ նման հարց ենք տալիս: Հարպութլյանը իմ դեմ է պայքարում, եւ նա գիտի, որ կարող է լրագրողներին ինչ-որ բան ասել, ինչ-որ համեմատություններ անել, եւ դուք իսկույնեւեթ կսկսեք դա լուսաբանել: Սա ձեզ համար պարզապես հերթական նախընտրական պատմությունն է, հերթական սկանդալը` ամոթ ձեզ»:

Շաբաթ օրվա քվեարկության արդյունքները, սակայն, ցույց տվեցին, որ Օբամայի շտաբի մարտավարությունը արդյունք է տվել: Հարցումները վկայում են, որ Հարավային Կարոլինայի սեւամորթ ընտրողների ճնշող մեծամասնությունը, որ մի քանի ամիս առաջ նախապատվությունը տալիս էր Հիլարի Քլինթոնին, հունվարի 26-ին գերադասել է քվեարկել Բարաք Օբամայի օգտին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG