Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը, հակադարձելով Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին (թեեւ` առանց նշելու վերջինիս անունը), ասաց, որ իր համար «վիրավորական չէ իր ժողովրդից ձայներ խնդրելը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր, թե Սերժ Սարգսյանը ժողովրդից «ձայներ է մուրում»:

«Երբեք ես չեմ խորշում դիմելու իմ ժողովրդին եւ ասելու, այո’, ես ձեր քվեի կարիքը ունեմ: Ուրիշները կարող են սա ասել` քվե մուրալ... Իհարկե խնդրում եմ: Ինձ համար վիրավորական չէ իմ ժողովրդին խնդրելը», - Երեւանի Նոր Նորք համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա հավաքվածներին ասաց, որ իր այսօրինակ հանդիպումները խուճապի են մատնում ոմանց, ավելացնում նրանց չարությունը:

«Խնդրում եմ ձեզ սադրանքների չենթարկվել, չարությանը չարությամբ չպատասխանել, որովհետեւ մեր նպատակը միայն ընտրություններում առավել քվե տանելը չէ: Մեր նպատակը ընտրություններից հետո Հայաստանն առաջ տանելն է, մեր նպատակը բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հիմնականում կատարել են 8 ամիս առաջ [խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին] տված խոստումները: Օրինակ, խոստացել էին թոշակները բարձրացնել 50 տոկոսով, իսկ բարձրացրել են 60 տոկոսով: Խոստացել եւ 1/3-ով ավելացրել են օտարերկրյա ներդրումները: Նա վստահեցրեց, որ առաջիկա տարիներին թոշակներն ու նվազագույն աշխատավարձը կրկնապատկվելու են:

«Ձեզ վստահեցնում են` Հայաստանը լինելու է փայլուն երկիր: Ձեզ վստահեցնում եմ` կան բոլոր հիմքերը ասելու, որ 5 տարի հետո մենք բոլորովին այլ երկրում ենք ապրելու», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` կոչ անելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձայն տալ այն թեկնածուին, ում հավատում եմ:

Հանդիպմանը եկածների մեջ կային մարդիկ, ովքեր արդեն կողմնորոշվել են, մյուսները` դեռ ոչ:

«Հիմա դժվար է ասել` ով է լավը, ով է վատը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի տղամարդ: - «Կարդում ենք բուկլետները, թերթերը: Ուսումնասիրում ենք»:

Հանդիպմանը հիմնականում մասնակցում էին համայնքի դպրոցների, մանկապարտեզների, բուժհիմնարկների աշխատողները, քիչ չէին դպրոցահասակ երեխաները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG