Մատչելիության հղումներ

«Գազպրոմբանկը» Հայաստանի հետ համագործակցության լավ հնարավորություններ է տեսնում էներգետիկայի ոլորտում


Խոշոր ու հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է: Այդ մասին ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով «Գազպրոմբանկի» կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովի գլխավորած պատվիրակությանը:

Ռուսաստանի բանկային համակարգում առաջատար դիրք գրավող «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ըստ վարչապետի, նոր խթան կհանդիսանա բանկային եւ ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը ջանում է տարեցտարի ավելի հրապուրիչ դարձնել գործարար միջավայրը խոշոր ներդրումների համար, քայլեր է ձեռնարկում օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Նրա խոսքերով, դրան նպաստում են նաեւ վերջին տարիների կայուն տնտեսական աճը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների աճող ծավալները:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Անդրեյ Ակիմովը Հայաստանի հետ իր ղեկավարած ընկերության համագործակցությունը համարել է գրավիչ ու հեռանկարային: Նա վստահեցրել է, որ «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստան նպատակաուղղված կլինի նաեւ երկրի բանկային ու ֆինանսական համակարգի զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի հետ համագործակցության ու ներդրումների համար լավ հնարավորություններ կան տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես` էներգետիկայի ոլորտում, ինչին նպաստում է նաեւ առկա մարդկային մեծ ներուժը:

«Գազպրոմբանկի» նախագահ Անդրեյ Ակիմովին եւ Բանկի վարչության նախագահի տեղակալ Ֆարիդ Կանցերովին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այսօր Երեւանում կայացած ասուլիսում «Գազպրոմբանկի» փոխնախագահ Օլգա Կազանցեւան հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը, զուրկ լինելով հանդերձ լուրջ բնական պաշարներից, մոտ ապագայում կդառնա էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG