Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Գյուղապետերը զբաղված են իշխող թեկնածուի համար ձայներ կորզելով»


Նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը Հայաստանի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղի այսօրվա խնդիրները ու իր ծրագրերն այդ հարցում, խոսեց գյուղում տիրող քաղաքական վիճակի մասին:

«Գյուղապետերը զբաղված են իշխող թեկնածուի համար ձայներ կորզելով», - հայտարարեց նախագահի թեկնածուն: - «Մենք այս մոտեցումները դատապարտում ենք: Եվ մենք այս երեւույթների դեմ լրջորեն կռիվ ենք տալու եւ պայքարելու ենք»:

2003-ի նախագահական ընտրություններում, երբ «Օրինաց երկիր»-ը, ՀՀԿ-ի եւ Դաշնակցության հետ միասին, աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, նման հայտարարություններ «Օրինաց երկիր»-ը, կարծես թե, չի արել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե 2003-ին չկա՞ր այդ երեւույթը, Բաղդասարյանի պատասխանեց. - «Նման ձեւերով չկար»:

«Նոր երեւույթ չէ: Բայց նման ձեւով, նման կոշտ մեթոդներով, որ իրականացվում է այսօր, եւ այս ֆոնի վրա խոսել արդար ընտրությունների մասին, դա անընդունելի է», - ասաց նա:

Գյուղատնտեսության ոլորտում իր ծրագրերը ներկայացնելիս, Արթուր Բաղդասարյանը անընդունելի համարեց, որ «պետական այս կամ այն ծրագիրը կապում են այս կամ այն կուսակցության հետ». - «Այն ջրագիծը, որ պետությունը պարտավոր է սարքել, այն գազամատակարարման համակարգը, որ պարտավոր է անցկացնել, դա կապում են իշխող կուսակցության հետ, դա կապում են այս կամ այն թեկնածուի հետ»:

«Դա եղել է եւ խորհրդարանական ընտրություններում, եւ հիմա շարունակվում է նաեւ նախագահական ընտրություններում», - հավելեց «Օրինաց երկիր»-ի նախագահը: - «Սա անընդունելի է, որովհետեւ չի կարելի պետական ծրագրերը դարձնել առանձին մարդկանց սեփականությունը»:

Արթուր Բաղդասարյանը գյուղատնտեսության ոլորտում նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է ոռոգման ջրի սակագնի իջեցում, գյուղատնետսության մեջ ապահովագրական համակարգի ներդրում, ցածր տոկոսադրույքներով գյուղտեխնիկայի, սերմացու֊-տնկանյութի, պարարտանյութ-֊թունաքիմիկատի տրամադրում գյուղացիներին եւ այլն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG