Մատչելիության հղումներ

Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված է 2 մլն 312 հազար 945 ընտրող


Ինչպես ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը, երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված է 2 մլն 312 հազար 945 ընտրող:

Զաքարյանը հավելեց, սակայն, որ ընտրացուցակները փոփոխության են ենթարկվում գրեթե ամեն օր, «քանի որ ամեն օր մարդ է մահանում, կամ լրանում է քաղաքացու 18 տարեկանը, կամ կալանավայրից են վերադառնում մարդիկ եւ կամ զորացրվում են»:

2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 285 հազար 830 ընտրող:

Ընտրողների թիվը, ըստ Ալվինա Զաքարյանի, ավելացել է մի քանի գործոնների հանրագումարում: Օրինակ, միայն հունվարի 10-24-ը ընտրելու իրավունքի տարիքային սահմանը հատել է 4 հազարից ավելի քաղաքացի: Նաեւ` շատ քաղաքացիներ խորհրդարանական ընտրություններից հետո վերադարձել են Հայաստան ու վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրերում կամ նոր բնակարաններ են գնել: Կան նաեւ ՀՀ քաղաքացիությունը նոր ստացած անձինք եւ «Երկքաղաքացիության մասին» օրենքի հիման վրա անձնագրեր ստացածները: Վերջիններիս թիվը Զաքարյանը դժվարացավ ճշգրիտ ասել: Ասաց, սակայն, թե խոսքը հարյուրների, հնարավոր է նաեւ հազարի կարգի թվի մասին է:

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետը կտրականապես հերքեց հրապարակվող լուրերը, թե ընտրությունների նախաշեմին տպագրվում են կեղծ անձնագրեր:

«Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ` կարող եք ցանկացած տեղ պարզ ճակատով ասել. եթե նրանք կարող են ներկայացնել միայն մեկ հատ, ավելին պետք չէ, միայն մեկ հատ կեղծ անձնագրի գոյություն, ես ձեզանից ներողություն կխնդրեմ անպայմանորեն», - ասաց Ալվինա Զաքարյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG