Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոնը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

Հաղորդելով այս մասին` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ 2002 թվականից ի վեր Հիլարի Քլինթոնը Սենատում պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը, ինչպես նաեւ 2005 եւ 2006 թվականներին միացել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին սենատորների հղած նամակներին, որոնցում կոչ էր արվում պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին է արտահայտվել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության մյուս առաջատար թեկնածուն` Բարաք Օբաման, ով Կոնգրեսի զույգ պալատներին համապատասխան բանաձեւերն ընդունելու կոչ է արել եւ խոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

Դեմոկրատներից նախագահության մեկ այլ թեկնածու` Ջոն Էդվարդսը, նման խոստում տվել էր ամիսներ առաջ` ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 2007 թվականի հոկտեմբերին հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծին, ինչից հետո օրինագիծը պալատի լիագումար նիստին դեռեւս չի ներկայացվել` հիմնականում, պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի բուռն հակազդեցության պատճառով:

Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում ներկայացված համանման օրինագիծը իրենց ստորագրություններով պաշտպանած ավելի քան երեք տասնյակ սենատորների թվում են Հիլարի Քլինթոնը եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենը:

(Լուսանկարում` Հիլարի Քլինթոնը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG