Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը կքննարկի կառավարության նոր կազմը


Վրաստանի խորհրդարանն այսօր կսկսի քննարկել կառավարության նոր կազմը: «Մենք իշխանություն ենք առաջարկում նոր մարդկանց` ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ու գործարար ոլորտի փորձառու մասնագետների` անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, եւ վստահ ենք, որ նրանք նոր էներգիա եւ թարմ լիցքեր կհաղորդեն կառավարությանը», - երեկ Ստրասբուրգում հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Բնապահպանության նախարարի պաշտոնում, մասնավորապես, առաջարկվում է Վրաստանի Բուսաբանության ինստիտուտի երկարամյա տնօրեն Զազա Գամցեմլիձեն, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում` Ալեքսանդր Քվիթաիշվիլին, ով վեց տարի շարունակ որպես առաջատար փորձագետ աշխատել է Միացյալ Նահանգների սոցիալական ծրագրերում: Նոր կաբինետում ընդգրկվել են նաեւ վրաստանյան առաջատար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը վստահվել է Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի ղեկավար, հայտնի վերլուծաբան Գիա Նոդիային:

Ստեղծվել է երկու նոր նախարարություն. դրանցից մեկը զբաղվելու է սփյուռքում ապրող վրացիների խնդիրներով, մյուսը` տարածքային կառավարմամբ:

Փոփոխության է ենթարկվել նաեւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կազմը. արտգործնախարարի պաշտոնում Գելա Բեժուաշվիլիին կփոխարինի նախկինում հակամարտությունների կարգավորման հարցերով զբաղվող պետնախարար, հունվարի 5-ի նախագահական ընտրություններում Միխեիլ Սահակաշվիլիի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Բաքրաձեն:

«Նա փորձառու է, հավասարակշռված, բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, եւ վստահ եմ, որ նոր պաշտոնում եւս շատ բանի կհասնի», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Lադո Գուրգենիձեն:

Արտգործնախարարի փոփոխությանը զուգահեռ, Վրաստանի ղեկավարությունը հայտարարում է արտաքին քաղաքական ուղեգծի վերանայման մասին:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսել նոր էջից», - երեկ Ստրասբուրգում հայտարարել է նախագահ Սահակաշվիլին: - «Իմ կարծիքով, երբեք էլ ուշ չէ քայլեր կատարել հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Ես Թբիլիսիում լավ եւ բաց երկխոսություն ունեցա Ռուսաստանի արտգործնախարար Lավրովի հետ: Անշուշտ, մենք չենք կարող միանգամից լուծել առկա բոլոր խնդիրները, բայց կարող ենք սկսել այդ ուղղությամբ շարժվել»:

«Ռուս - վրացական հարաբերությունները չեն կարող շարունակվել այնպես, ինչպես դրանք ընթանում էին մինչ օրս», - հայտարարել է Վրաստանի նախագահը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG