Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-Պետրոսյան. - «Ռոբերտ Քոչարյանը իրավունք չուներ դառնալու ՀՀ նախագահ»


Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հայտարարեց, թե այս մարզում նախագահի վերջին երեք ընտրություններում ընդդիմության թեկնածուն է հաղթել:

Նա ասաց, որ 2003-ին հաղթել է Ստեփան Դեմիրճյանը, 1998-ին` Կարեն Դեմիրճյանը, եւ շարունակեց. - «Երջանիկ եմ, որ 1996 թվականին ես այս մարզում պարտվել եմ: 96 թվականի ընտրություններին ես պարտվել եմ Երեւանում եւ Կոտայքի մարզում»:

Հանդիպումներից մեկի ժամանակ նախկին նախագահը ասաց. - «Ռոբերտ Քոչարյանը ո’չ 98-ին, ո’չ 2003-ին զուտ Սահմանադրությամբ իրավունք չուներ դառնալու Հայաստանի Հանրապետության նախագահ»:

Արզական գյուղում հանդիպմանը Տեր-Պետրոսյանը ասաց, թե «գործող իշխանությունները իրենց հարազատներին են ժառանգաբար փոխանցելու իշխանությունը» եւ, եթե նրանք մնան` «հարստությունը այդ օլիգարխների ձեռքում է, դա էլ են խլելու նրանցից»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսեց Տեր-Պետրոսյանի սեփականության մասին. - «Ի՞նչ սեփականություն ունի ութ տարի նախագահ աշխատած մարդը: Հավատացնում եմ ձեզ` ոչինչ: Նույնիսկ խանութ չունի: Հիմա տեսեք ինչ ունի Սերժ Սարգսյանը, որտեղ են 30 միլիոնով տանում ներդրումներ անում` Միացյալ Նահանգներ, Կալիֆորնիայում...»:

«Ընդամենը վեց ամիս առաջ Սերժ Սարգսյանի կողմից բազմաթիվ մարդկանց միջոցով ինձ առաջարկվել է դառնալ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն: Դա ինձ համար շատ մեծ պատիվ կլիներ: Բայց Սերժ Սարգսյանի նվիրած պատիվը ինձ համար թույն է», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանելու փաստարկներից հնչեցրեց հետեւյալը. - «[Տեր-Պետրոսյանը] Առաջնահերթ կարեւորագույն խնդիր է համարում «Հոկտեմբերի 27»-ի հանցագործության բացահայտումը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG