Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Ընտրական հանցագործություն կատարողները պատժվելու են»


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ով այսօր քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց Վեդիում, Արտաշատում եւ Մասիսում, հայտարարեց, թե ընտրախախտումները Հայաստանում «այլեւս դատապարտված են»:

Ի պատասխան Ավշար գյուղի բնակիչ Լենայի հայտարարությանը, թե իրենց գյուղում «տնետուն ընկած ընտրակաշառք են բաժանում», Արթուր Բաղդասարյանը ասաց. - «Մենք պետք է ոչ ասենք այս վիճակին: Բոլոր այն գյուղապետերը, բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրական հանցագործություններ են կատարելու, նրանք պատժվելու են Քրեական օրենսգրքի ամենախիստ հոդվածներով: Այս գործողությունը ու այս գործունեությունը Հայաստանում այլեւս դատապարտված է»:

«Ես կոչ եմ անում ամեն մարդու` ունենալ սկզբունք, ունենալ տեսակետ, տեր կանգնել իր ընտանիքին, չապրել ստրուկի վիճակում, դուրս գալ այս վիճակից», - ասաց Բաղդասարյանը:

«Մեզ չի սազում, որ մեր ազգը այսօր ստրկացած վիճակում լինի, մարդիկ ապրեն վախի մեջ, անորոշության մեջ», - Արտաշատում հայտարարեց նախագահի թեկնածուն` շարունակելով. - «Հայաստանում այսօր ստեղծված է կրիմինալ-օլիգարխիկ տնտեսական եւ քաղաքական համակարգ, որը պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG