Մատչելիության հղումներ

«Մենք տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կառուցողական դերի հույս ունենք, մենք ողջունում ենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ ճանաչել Հարավային Օսիան եւ Աբխազիան», - այսօր Ստրասբուրգում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Մենք վաղուց էինք սպասում այդ հայտարարությանը: Գտնում ենք, որ ռուսաստանյան քաղաքականությունը կարող է ավելի կառուցողական դառնալ», - ասել է Վրաստանի նախագահը` հավելելով. - «Եթե նախկինում նման հայտարարություններ հնչեին, շատ հարցեր ավելի արագ եւ հեշտությամբ կլուծվեին: Սակայն երբեք ուշ չէ սկսել այդ գործընթացը»:

Նախօրեին Մոսկվայում կայացած ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել էր. - «Ռուսաստանյան ղեկավարությունը երբեւէ չի հայտարարել, թե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում անհապաղ ճանաչելու է Աբխազիան եւ Հարավային Օսիան»: Միաժամանակ, Լավրովը շեշտել էր, որ Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում «օբյեկտիվորեն նախադեպ կստեղծվի աշխարհի տարբեր երկրներում շուրջ 200 շրջանների համար»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Սահակաշվիլին այսօր հայտնել է, որ «լավ, բաց խոսակցություն» է ունեցել Սերգեյ Լավրովի հետ:

«Ռուս - վրացական հարաբերությունների բոլոր հարցերը միանգամից չեն լուծվի, սակայն, ասեմ անկեղծորեն, դրանց լուծումը կշարժվի մեռյալ կետից: Ռուսաստանը եւ Վրաստանը չեն կարող շարունակել հարաբերությունները այնպես, ինչպես դրանք եղել են մինչ օրս», - հայտարարել է Վրաստանի նախագահը` վերստին ողջունելով Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունների «ոգին եւ տոնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG