Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սառը վերաբերմունք» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը ընթերցողին հարց է տվել` «Դուք կարծում եք՝ հայ ժողովուրդն ապրում է ընտրություններո՞վ»։ «Չարաչար սխալվում եք», - պատասխանել է խմբագիրն ու նկարագրել. - «Մեր քաղաքական այրերին մարդիկ, իհարկե, լսում են հետաքրքրությամբ, ինչպես «վերվարածների ընտանիքի» խոսակցությունները։ Բայց դա, պայմանականորեն ասած, «հոգեւոր» սնունդ է։ Բացի այդ, կա հանապազօրյա հաց։ Եվ հանապազօրյա ջուր»։ «Հետեւաբար», - եզրակացրել է խմբագիրը, - «հայերն այսօր ապրում են ոչ թե ընտրություններով, այլ՝ տարբեր տեսակի խողովակներ տաքացնելով։ Ամեն քայլափոխի կարելի է տեսնել մտահոգ մարդկանց խմբեր, որոնք իրենց շենքերի մուտքերում խարույկներ են վառում, տարբեր տեսակի «ֆարսունկայատիպ» գործիքներ են աշխատեցնում, «դուգա» են տալիս»:

Նախընտրական քարոզարշավից ստացած տպավորությունները փոխանցելով, «Ազգ» թերթի մեկնաբանը եզրակացրել է. - «Նախագահական սպասվող ընտրությունները շուտով կսովորեցնեն ոչ միայն չզարմանալ, ոչնչի նկատմամբ հիացմունք կամ հակառակ զգացմունքի դրսեւորումներ չցուցաբերել, այլեւ տեսնել զավեշտի հասնող այն իրողությունը, որ փորձում են ներկայացնել թեկնածուները: Ուղղակի անհավատալի կարճատեսությամբ այնպիսի որակումներ, հայտարարություններ եւ իրականությունից կտրված կանխատեսումներ են անում, որ ակամա սկսում ես կասկածել, թե գուցե գալու են երկնային արքայության ժամանակներ, մանանա ու առնվազն անվճար հաց է թափվելու գլխներիս, երկրի ղեկավար անձինք էլ բարեկարգվող Երեւանի փողոցներում հետիոտն են ման գալու` վայելելով ժողովրդականության ընձեռած զբոսանքի անվտանգ հաճույքը»։

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրուցում, պարզաբանելով իրենց նախընտրական մարտավարությունը, նկատել է. - «Ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հստակ պատկերացնում են՝ ով է անցողիկ թեկնածուն, եւ շատ տրամաբանական է, որ հենց նրան են թիրախ դարձրել` փորձելով, պայմանականորեն ասած, ընտրազանգված պոկել այդ դաշտից»։ «Սակայն մենք բազմիցս ասել ենք, որ կողմնակից ենք քաղաքակիրթ պայքարի եւ ավելի շատ խոսում ենք մեր անելիքների ու ծրագրերի մասին», - ասել է հանրաապետական գործիչն ու բխեցրել. - «Բոլորը շատ լավ գիտակցում են, որ Սերժ Սարգսյանը ունի բավարար ռեսուրսներ հաղթելու հենց առաջին փուլում։ Բնական է, որ այս պայմաններում մյուս թեկնածուների կողմից կարող են լինել որոշակի ջղաձիգ դրսեւորումներ նաեւ այն պատճառով, որ որոշ քաղաքական ուժեր հստակ գիտակցում են՝ եթե երկրորդ փուլ չլինի, իրենք սակարկությունների դաշտում կարծես թե անելիք չեն ունենալու»։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի խմբագրականի՝ նախագահի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանը «պլանավորում է հանգիստ ընթացքով խաղը տեղափոխել վերջնախաղ եւ հաղթել մրցակցի ցայտնոտի հավշին». - «Ավելի պարզ լեզվով ասած, Սերժ Սարգսյանը փորձում է հանգիստ հասնել ընտրությունների օրվան, նկարել թվեր, հասնել նրան, որ ԿԸՀ-ն հայտարարի իր հաղթանակը նախագահի ընտրություններում, որից հետո հանրության շրջանում կվերակենդանանա 2003-ի դեժավյուի զգացումը։ Այս մարտավարությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը վարում է անսիրտ, ինչ-որ տեղ՝ շինծու քարոզարշավ»։ «Ինչ խոսք, Տեր-Պետրոսյանը կեղծման համակարգին հակազդելու համար ունի կուլիսային հակաքայլերի բավական մեծ պաշար, իսկ երեւացող ամենակարեւոր հակաքայլն ընտրարշավին էմոցիա հաղորդելն է։ Այս նրբերանգը գնալով ավելի է ընդգծվում առաջին նախագահի շփումներում»,- եզրափակել է խմբագիրը։

«168 ժամ»-ին տված հարցազրույցում հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծիք է հայտնել, թե «միակ ուժը, որին ձեռնտու չէ նախագահական ընտրությունների ժամանակ էքզիթ փոլի անցկացումը` ընդդիմությունն է: «Դա խանգարելու էր նրանց իրականացնել իրենց հետընտրական շոու-սցենարը», - պնդել է Նիկոյանն ու բացատրել. - «Բանն այն է, որ եթե էքզիթ փոլի եւ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները համապատասխանեին միմյանց, ապա այն քաղաքական ուժերը, որոնց գործունեության հիմնական նպատակը հետընտրական շոուներն ու հետընտրական բողոքարկումներն են, որոնց վրա էլ մտադիր էին կառուցելու իրենց քաղաքական սցենարները, ապա էքզիթ փոլի պարագայում նրանց գործը կդժվարանար»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG