Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Չի կարելի որեւէ քայլ ձեռնարկել ու ասել` երբեւէ այն նախադեպ լինել չի կարող»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարի 22-ի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր Կոսովոյի հետագա կարգավիճակի խնդիրը, ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Նրանք հնչեցրել են հայկական պատվիրակության դիրքորոշումը, ի պատասխան զեկուցող` լորդ Ռասել-Ջոնսթոնի եւ այլ պատվիրակների այն դիտարկմանը, թե Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը չպետք է նախադեպ դառնա մյուս հակամարտող տարածաշրջանների համար, քանի որ «Կոսովոյի խնդիրը իր բնույթով բացառիկ է»:

«Այն հարցադրումը, որ մենք արել եւ անելու ենք, հետեւյալն է` չի կարելի ի սկզբանե մի որեւէ քայլ ձեռնարկել, ասելով` երբեւէ այն նախադեպ լինել չի կարող», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնեց Ստրասբուրգում հայկական պատվիրակությունը գլխավորող` Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: - «Ինչպիսի իրավական հիմքեր էլ լինեն, տվյալ պարագայում նման հիմքերը կիրառելի կլինեն նմանատիպ հանգամանքներում: Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում շատ հստակ նշեց, որ, եթե մենք խոսում ենք իրավական երկրի կամ իրավական երկրի սկզբունքների մասին, մենք պարտավոր ենք նույն իրավական հիմքերը կիրառել բոլոր նմանատիպ դեպքերում»:

Ադրբեջանցի պատվիրակները նիստի ընթացքում մեջբերել են Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: «Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ որեւէ ընդհանուր բան չկա: Այդ հակամարտությունները տարբերվում են իրենց արմատներով, պատմությամբ, պատճառներով», - հայտարարել է պատգամավոր Գանիրա Փաշաեւան` կարծիք հայտնելով, որ Կոսովոյի անկախության` նախադեպ դառնալու հնարավորության մասին «արտահայտությունները վնասում են նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող բանակցություններին»:

«Մենք անգամ չբարձրաձայնեցինք Lեռնային Ղարաբաղի հարցը, բարձրաձայնեցինք միասնական մոտեցումների հարցը նմանատիպ հանգամանքներում», - ասաց Դավիթ Հարությունյանը: - «Իսկ թե ինչո՞ւ շատ-շատերը ընկալեցին Lեռնային Ղարաբաղը մեր խոսքում, դա, կարծում եմ, մի պարզ պատճառով. որովհետեւ նրանք քաջ գիտակցում են, որ Lեռնային Ղարաբաղը ունի նույն իրավական հիմքերը, ինչ, ենթադրենք, Կոսովոն, եւ որոշ պարագայում անգամ շատ ավելի լայն իրավական հիմքեր: Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ, շատ կարեւոր հարց նշեց: Նա չէր նշում Lեռնային Ղարաբաղը. նա ասում էր` սա պետք է լինի իրավական դիրքորոշում` հիմնված միջազգային իրավունքի վրա, եւ, բնականաբար, միջազգային իրավունքի վրա հիմնված իրավական դիրքորոշումը չի կարող վերաբերել կոնկրետ դեպքի: Իրավունքը հենց նրանով է իրավունք, որ այն տարածվում է նմանատիպ հանգամանքների վրա: Սա ընդհանուր կանոն է, եւ կանոնը չի կարող լինել մեկի համար բացառություն, իսկ մյուսի համար անկիրառելի»:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկվելիք մյուս հարցերին, Դավիթ Հարությունյանը ասաց. - «Առավել հետաքրքիր զեկույցները, որոնք առնչություն ունեն Հայաստանի հետ, «Վրաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ» եւ «Միջսահմանային գործընկերության եւ համագործակցության մասին» զեկույցներն են, որոնք կքննարկվեն առաջիկա երկու օրերին: Երկու հարցերն էլ սերտորեն առնչվում են Հայաստանին»:

Ազգային ժողովի պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա հունվարի 26-ին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG