Մատչելիության հղումներ

Արամ Թամազյան. - «Կխնդրեի, որ հրապարակումները լինեն ավելի առարկայական»


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ով համակարգում է երեկ Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբի աշխատանքը, որը կոչված է «բարձրացնել նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը», չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը խնդրեց, որը հրապարակումները լինեն «ավելի առարկայական»:

Աշխատանքային խումբը արդեն սկսել գործել. ուսումնասիրվում եւ ճշտվում են զանգվածային լրատվամիջոցներում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հրապարակումները:

Թամազյանը ասաց, որ հրապարակումները շատ հաճախ ընդհանրական բնույթ են կրում. - «Ես կխնդրեի, որ մեր լրատվամիջոցների հրապարակումները լինեն ավելի առարկայական, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տվյալ նյութերով ավելի կոնկրետ մոտեցումներ ցուցաբերել: Այնինքն` յուրաքանչյուր քրեական գործ հարուցելու դեպքում պետք է լինեն գործի հարուցման առիթներ եւ հիմքեր: Այդ վերացական հրապարակումներում առայժմ նման առիթներ ու հիմքեր մենք չենք տեսել»:

Այսօր «Ազատություն» ռադիոկայան էր զանգահարել Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ Ահարոն Եսայանը եւ հայտնել, որ իրեն 5 հազար դրամ են առաջարկել. - «Եկողի մասին չեմ ասում ով է եկել: Պարզ է, որ բնակիչ է եղել էլի: Առաջարկում է վերցնել 5 հազար դրամ եւ փոխարենը ընտրել Սերժ Սարգսյանին»:

Գլխավոր դատախազի տեղակալը այս կապակցությամբ ասաց. - «Ես կխնդրեմ, որ դուք դա հրապարակեք կամ ներկայացնեք մեզ` թեկուզ առանց հրապարակման: Անպայման համապատասխան քրեաիրավական գնահատականի կարժանանա»:

Թամազյանը ասաց նաեւ, որ աշխատանքային խմբի քննարկման առարկա կարող է դառնալ ոչ միայն մամուլի հրապարակումը. - «Մենք ցանկացած կողմի ցանկացած հաղորդում, հայտարարություն, դիմում-բողոք անպայման քննարկման առարկա ենք դարձնելու»:

Հաշվառվելու եւ հսկողության են ենթարկվելու նաեւ այն բոլոր գործերը, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել ընտրությունների հետ. - «Դրանք կարող են լինել ծեծի, մարմնական վնասվածքներ պատճառելու, խուլիգանության, գույքի դիտավորյալ ոչնչացման, բռնության սպառնալիքի, տարբեր բնույթի կեղծ ահազանգների հետ կապված»:

«Բոլոր հիմքերը կան հայտնելու, որ մենք հնարավորություն ունենք առաջիկայում եւս օպերատիվ կերպով արձագանքելու ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, հայտարարությունների, հրապարակումների ընդունմանը, քննարկմանը եւ դրանց ճիշտ ու համարժեք գնահատական տալուն», - եզրափակեց Արամ Թամազյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG