Մատչելիության հղումներ

Սկսել են աշխատել տեղական դիտորդական կազմակերպությունները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված տեղական դիտորդական կազմակերպություններից երկուսը` «Ընտրություն քոնն է» եւ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, արդեն սկսել են հանրապետությունում դիտարկումներ իրականացնել:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը նախագահական ընտրությունների ժամանակ կունենա 4010 դիտորդ, որոնք, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը, կդիտարկեն ընտրությունները Հայաստանի բոլոր 1923 տեղամասերում:

Նրանք արդեն սկսել են աշխատել, եւ, ըստ Համբարձումյանի` մինչեւ հիմա նկատել են միայն փոքր խախտումներ: Ստեփանավանում, ասենք, բազմաթիվ ընտրողների անունները բացակայում են ընտրացուցակներից, կան մահացած մարդկանց ազգանուններ: Կազմակերպությունը այս կապակցությամբ արդեն դիմել է ոստիկանություն եւ սպասում է պատասխանի:

Հարություն Համբարձումյանը ասաց, որ մինչեւ հիմա ընտրակաշառք առաջարկելու մասին հեռախոսազանգեր չեն ստացել:

Նրա հավաստմամբ, իրենց վերջնական զեկույցում «անպառճառ տեղ կգտնի այն փաստը, որ մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբը թեկնածուներն անհավասար են լուսաբանվել, հատկապես` էլեկտրոնային լրատվամիջոցներով». այստեղ մեծ առավելություն է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանը:

Համբարձումյանը հավելեց, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո նույն հեռուստաընկերությունները «սկսել են պահպանել հավասարակշռության սկզբունքը»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք ունեն 56 դիտորդ, ուստի «նրանք չեն կարող մշտապես գտնվել մեկ ընտրատեղամասում, պետք է անընդհատ շրջեն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG