Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Բաղդասարյան. «Հայաստանում վտանգված է փոքր եւ միջին ձեռներեցության զարգացումը»


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը այսօր գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց, որ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացումը Հայաստանում վտանգված է` իշխանությունների անխոհեմ հարկային եւ մաքսային քաղաքականության պատճառով:

«Իշխանությունների թեթեւ ձեռքով, բերեցին ընդամենը մեկ ամիս առաջ զոռով-շառով անցկացրեցին օրենքի մի նախագիծ, որով, ըստ էության, Հայաստանում վերացվում է փոքր եւ միջին ձեռներեցությունը», - ասաց Բաղդասարյանը` բացատրելով. - «Որովհետեւ դա հարված է հասցնում շուրջ 30 հազար մանր եւ միջին ձեռներեցների` պարզեցված հարկի փաստացի վերացումով»:

Նրա խոսքով, «հիմնական սպառման ենթակա ապրանքների» ներկրումը երկիր գտնվում է մի քանի մոնոպոլիստների ձեռքում. - «Մենք տեսնում ենք Հայաստանում տնտեսության առանձին ուղղությունների մոնոպոլիզացիա եւ օլիգարխիզացիա: Դա նշանակում է, որ մեր երկրում աստիճանաբար փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողների թիվը կտրուկ նահանջ ու նվազում է ապրելու»:

Որպես օրինակ Բաղդասարյանը նշեց տարադրամի փոխանակման մոտ 200 կետերի փակումը, կանխատեսեց, որ առաջիկայում կվերանան մանր ու միջին խանութները, քանի որ «բուռն թափով զարգանում է սուպերմարկետների ցանցը»: Իսկ սուպերմարկետները, ըստ «Օրինաց երկիր»-ի նախագահի, «երեք խմբերի սեփականությունն են», որոնք, ի տարբերություն մյուսների, լայն հնարավորություններ ունեն «էժան գներով մաքսազերծում իրականացնել»:

Նրա խոսքով, եթե նախագահական ընտրություններից հետո չստեղծվի այլ իրավիճակ, ապա մի քանի ամսից նաեւ ապրանքների գները կթանկանան. - «Որովհետեւ, եթե այսօր հարկային տեսչության պետը, որի վրա դրված է պլան, տանում իր գնպանից փող է տալիս կանխիկ, ասում է ` մուծի, հետո կբերես, հետո կբերես իմ փողը ինձ հետ կտաս: Որովհետեւ մարդիկ գտնվում են ճնշման տակ: Այսինքն` քամել, տանել-լցնել բյուջե... Եվ այս ամեն ինչը անել առաջին հերթին անտեր մարդկանց միջոցով: Այսինքն` այն մարդու, որ քաղաքական հովանավորչություն, տանիքներ չունի: Նույնը մաքսայինին է վերաբերում»:

Բաղդասարյանը խոստացավ ընտրվելու դեպքում ավելացնել պարզեցված հարկով աշխատողների թիվը, նվազեցնել տարբեր հարկերը, դրա շնորհիվ նոր աշխատատեղեր ստեղծել եւ արդյունքում ավելացնել բյուջեի եկամտային մասը:

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության ղեկավար Ստեփան Ասլանյանը հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ իրենք որոշում են կայացրել նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG