Մատչելիության հղումներ

Ներսես Երիցյան. «Հայաստանին նույնպես մտահոգում է դոլարի հնարավոր արժեզրկումը»


Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի փոխանցմամբ, Հայաստանին եւս մտահոգում է Միացյալ Նահանգների տնտեսական անկման եւ ընդհանրապես գլոբալ տնտեսական լճացման հնարավորությունն ու դոլարի հնարավոր արժեզրկումը:

Արձագանքելով ԱՄՆ-ի տնտեսության բնագավառում վերջին շաբաթների շրջանում ակնհայտ դարձող ճգնաժամային միտումներին եւ նպատակ ունենալով վնասազերծել ռեցեսիայի (անկման) վտանգը, ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը (Federal Reserve) երեկ 0.75 տոկոսով իջեցրել է տոկոսադրույքը: Դա, տնտեսագետների համոզմամբ, պետք է լրացուցիչ խթան լինի ամերիկյան տնտեսության համար, միաժամանակ, հավանաբար, կհանգեցնի ամերիկյան դոլարի փոխարժեքի հետագա անկմանը:

«Տնտեսական անկումը պարտադիր չէ, որ ուղեկցվի դոլարի փոխարժեքի արժեզրկմամբ Միացյալ Նահանգներում», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Ներսես Երիցյանը: - «Ճշգրտումը կարող է այլ ուղղությամբ լինել` եկամուտների ուղղությամբ, որը մեզ համար նաեւ կարող է այլ հետեւանք ունենալ` տրանսֆերտների որոշակի դանդաղում, որը փոխարժեքի արժեվորման վրա ճնշումները կարող է հանել: Սա մի սցենար կարող է լինել»:

Հնարավոր հաջորդ սցենարը, ըստ նախարարի, հետեւյալն է. - «Եթե ճշգրտումը գնաց արտաքին հաշվեկշռի ճշգրտման հաշվին, որը ավելի քիչ հավանական է, որովհետեւ Միացյալ Նահանգները ինքը չի կարող ամբողջությամբ դադարեցնել արտաքին ֆինանսավորումը իր երկրում. բաց երկիր է եւ քաղաքականության մեխանիզմն էլ այնպիսին է, որ նման արագ ճշգրտումներ չեն լինի, ապա կարող է դոլարը արժեզրկվել ավելի արագ: Այդ դեպքում մենք պետք է կարողանանք մեր քաղաքականությունը ճշգրտել որքան հնարավոր է, որպեսզի դիմակայենք... Բայց այդ փոխանցման մեխանիզմը առաջինը կտեսնենք դոլար - եվրոյի նկատմամբ, եւ անցումը կլինի փոխարժեքի միջոցով»:

«Բայց, ես կարծում եմ` առաջին սցենարը ավելի հավանական է, որ լինի տնտեսական աճի ճշգրտում, եւ դրանով իսկ մեր տնտեսությունը շատ ավելի քիչ խոցելի կլինի Միացյալ Նահանգների տնտեսության այդ վայրիվերումների նկատմամբ», - հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտահանման ծավալներում բավական բարձր տեսակարար կշիռ ունեցող հանքահումքային արտադրանքին, Ներսես Երիցյանը շեշտեց, որ, նախ, շուկաները եւ գները պայմանավորված են ոչ այնքան Միացյալ Նահանգների, որքան Չինաստանի եւ Հնդկաստանի պահանջարկով, որոնք «նվազման նշաններ չեն ցուցաբերում». - «Հետեւապես, հումքի գները, հատկապես պղնձի եւ մոլիբդենի, որոնք բարձր տեխնոլոգիաներում են օգտագործվում, կարելի է շատ մեծ կասկածով վերաբերվել նրան, թե որեւէ ձեւով դրանց գները անկում կապրեն մոտակա ժամանակաշրջանում»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG