Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Երեւանում իշխանությունը արդեն գտնվում է մեր ձեռքում»


«Երեւանում իշխանությունը արդեն գտնվում է մեր ձեռքում», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Տավուշի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Իշխանությունը, նրա խոսքերով, այն ժողովուրդն էր, որը երեկ Երեւանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մասնակցեց հանրահավաքի, ապա` երթի:

«Այնտեղ հարցը լուծված է` իրենք էլ գիտեն: Ես ունեմ ինֆորմացիա իրենց նեղ շրջանակներից, որ Երեւանի վրա նրանք այլեւս հույս չեն դնում` ամբողջ հույսը գյուղերն են: Իրենց թվում է` միամիտ ժողովուրդ են, կգան-կխաբեն, էլի խոստումներ կտան, մի երկու տանիք կնորոգեն, մի երկու ճանապարհի խոստում կտան, գազ կանցկացնեն, ընտրակաշառք կբաժանեն», - ասաց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Ընտրակաշառքին էլ մի հավատացեք: Նրանք շատ գումարներ են դնելու` կես միլիարդ դոլար են դնելու, բայց այդ դոլարները մսխվելու են իրենց փոքրիկ ավազակների կողմից` այն, ինչ իրենք ենթադրում են, որ պիտի հասներ քվեարկողին, քվեարկողին դրանից գրոշներ են հասնելու: Եվ հասկացեք, այդ գրոշը ստանալով այսօր, չգիտեմ` 50 դոլար թե ինչ կլինի, այս ապագա 5 տարիների ընթացքում նրանք այդ 50 դոլարի դիմաց ձեզանից յուրաքանչյուրից կորզելու են 5 հազար դոլար»:

Նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ այն, ինչ ասված է իր ծրագրում, «շատ ռեալ է». - «Ասված է հետեւյալը` այո, մենք ունենք հնարավորություն նորմալ պետություն ստեղծելու: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ. առաջինը` վերականգնել օրինականությունը, վերացնել այս կոռուպցիոն համակարգը: Միայն դրա շնորհիվ մեզ համար հնարավորություն կստեղծվի առաջիկա մեկ տարում անգամ կրկնապատկել մեր երկրի բյուջեն: Որովհետեւ մեկ բյուջե ցույց են տալիս, մյուս բյուջեն իրենց գրպանում է, եւ ավելի մեծ բյուջե, քան պաշտոնապես ցույց տրվածը: Հինգ տարվա ընթացքում, այո, հնարավոր է Հայաստանում բյուջեն եռապատկել, աշխատավարձերը նույնպես եռապատկել, թոշակները` անգամ քառապատկել: Սա ռեալ է, այստեղ բացարձակապես ոչ մի հրաշք չկա: Միայն պետք է նորմալ հարաբերություններ ստեղծել, բիզնեսը, գործարարությունը անջատել պետությունից»:

Երկրորդ ամենամեծ ռեզերվը, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով, խաղաղությունն է. - «Երբ մենք խաղաղություն հաստատենք Ղարաբաղում, բացվեն սահմանները` դեպի Ադրբեջան, դեպի Թուրքիա, բացվեն ճանապարհները, մեր երկիրը իսկապես այն ժամանակ ծաղկում կապրի: Եվ ես սրան է, որ ձգտելու եմ»:

«Մի խաբվեք, այս անգամ գոնե մի խաբվեք. ես ձեզ համար եմ ասում, նույնիսկ ոչ ձեր` ձեր երեխաների, ձեր որդիների համար եմ ասում», - կոչ արեց նախագահի թեկնածուն: - «Դուք քվեարկելու եք նրանց համար, որ այդ մարդիկ այս երկրում իսկապես չվախենան, շշուկով չխոսեն, ոստիկանի մեջ պատժիչ չտեսնեն, այլ բարեկամի տեսնեն»:

Տեր-Պետրոսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ «ոստիկանների 99 տոկոսը մեզ հետ է, անգամ` անվտանգության մարմինների». - «Նրանք ավելի են զզված, քան մենք, որովհետեւ նրանց ստիպում են գնալ իրենց ժողովրդի դեմ: Նրանք գիշերները չեն քնում խղճի խայթից: Նրանց ստիպում են քաղաքականությամբ զբաղվել, որը բացարձակապես նրանց գործը չէ` նրանց գործը ժողովրդին պաշտպանելն է ավազակներից, գողերից ու հանցագործներից, ուրիշ գործ նրանք չունեն: Այսօրվա ոստիկանությանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ստիպում են աշխատել Բերիայի ՆԿՎԴ-ի ֆունկցիաներով, որից մենք, մեզ թվում էր, ազատվել ենք 53 թվականին, բայց ոչ` այդ մարդիկ դրանց թոռներն են, նրանք այլ կերպ չեն կարող մտածել: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այս ժողովրդին ավելի վնաս են տվել, քան Ստալինն ու Բերիան»:

«Մեզ սա պետք է գիտակցել, թոթափել այս լուծը: 9 թեկնածու է` խնդրեմ, ում ուզում եք` քվեարկեք, ես չեմ եկել ասեմ, որ ես եմ ձեր փրկիչը: Ում ուզում եք` բայց ոչ Սերժ Սարգսյանին, այդ սխալը չանեք: Սերժ Սարգսյանը նշանակում է այս ազգի, այս երկրի կործանում», - հայտարարեց նախագահության թեկնածուն:


Հովհաննես Շողիկյան, Բերդ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG