Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեւանյան մի շարք թերթեր այսօր հրապարակել են Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը, ըստ որի` հունվարի լույս 19-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը: Հրդեհի մասին «Ասպարեզ» ակումբը չի տեղեկացրել ոստիկանությանը, քանի որ «այս մարմինը բազմիցս ապացուցել է, որ անկարող է որակյալ եւ արդյունավետ քննություններ անցկացնել, երբ խոսքը լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքների մասին է»:

«Քարոզարշավի մեկնարկի հետ մեկտեղ երկրով մեկ տարածվող նախագահի 9 թեկնածուների նախընտրական ծրագրերը աչքի են ընկնում նախընտրական խոստումների այնպիսի ճոխությամբ, որ հաճախ գլխապտույտ են առաջացնում սովորական մարդու մեջ», - գրել է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանն ու բխեցրել. - «Անշուշտ, յուրաքանչյուր թեկնածուի իրավունքն է խոստումներ տալ ընտրողներին, բայց որքանո՞վ են դրանք իրական եւ իրատեսական»։ «Ինչո՞վ են տարբերվում այս բոլոր խոստումները երջանկահիշատակ Օստապ Բենդերի՝ Վասյուկիում ունեցած պատմական ելույթի դրույթներից», - վերստին հարցրել է վերլուծաբանն ու եզրակացրել. - «Թերեւս միայն նրանով, որ մեր նորօրյա երազատեսները չեն խոստանում կազմակերպել միջմոլորակային մրցումներ եւ Հայաստանը դարձնել Տիեզերքի քաղաքական ու տնտեսական գործընթացների առանցքը»։

«Առավոտ»-ի խմբագրականը պնդելով, որ անկախության նվաճումից 17 տարի անց էլ «մեր քաղաքական վերնախավում չեն վերացել ստրկամիտ դրսեւորումները», հիմնավորել է. - «Այսօր էլ նախագահի թեկնածուները մրցում են եւ հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի այս կամ այն ռուսաստանյան լրատվամիջոցը հիշատակի իրենց անունը դրական համատեքստում։ Եվ թեկնածուներին շատ էլ չես մեղադրի, որովհետեւ հայաստանցի ընտրողների զգալի մասի համար հույժ կարեւոր է ոչ այնքան այն, թե ում են իրենք նախագահ ընտրելու, որքան այն, ում է Պուտինը «դաբրո» տվել»։ Մինչդեռ, ըստ խմբագրի «իրականությունը, մասնավորպաես, Ռուսաստանի հարցում բոլորովին այլ է, եւ Կրեմլը մեր ընտրություններից առաջ միանշանակորեն չի հայտարարի, թե ընտրություններից հետո ում է ուզում տեսնել Հայաստանի նախագահ»։ «Այսպիսով, ապավինել «դաբրոյին» կամ օգտագործել այդ՝ գոյություն չունեցող «դաբրոն» որպես քարոզչական խաղաքարտ, զուրկ է որեւէ տրամաբանությունից։ Սակայն, նման պահվածքով մեծ վնաս է հասցվում հայաստանցիներին՝ պահպանելով նրանց մեջ գաղութի բնակիչների մատծելակերպը», - որակել-ամփոփել է խմբագիրը։

Փաստելով, որ Սերժ Սարգսյանը հին Նոր տարվա առթիվ ընդունելություն կազմակերպելով՝ մարդկանց հերթական անգամ բաժանեց «չարությամբ ու բարությամբ լցվածների», «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը հակադարձել է. - «Մարդկանց որպես բարի կամ չար դասակարգելու հմտությամբ օժտված Սերժ Սարգսյանը զարմանալիորեն չարություն չի նկատում այն, որ իր շուրջ հավաքված «բարիները» իրականում մի-մի ական են եւ իրեն բացառապես ներկա պաշտոնի, ֆինանսների ու դիրքի համար են քծնում ու վաղը շատ ավելի արագ կշրջվեն ուրիշի կողմը»։ «Ինչ խոսք», - զուգահեռել է մեկնաբանը, - «Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին էլ իշխանական վերնախավում ստորաքարշների պակաս չի եղել։ Բայց Տեր-Պետրոսյանը գաղափարներ դավանող որոշակի համախոհների խումբ ուներ իր ղեկավարման տարիներին, որոնք հրաժարվեցին իրենց բարձր, առանցքային պաշտոններից՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո»։

«Հայք»-ը պնդել է, թե «Պետական հիմնարկներում դրանց ղեկավարներն աշխատողներին բաժանում են հատուկ ձեւաթղթեր՝ պահանջելով լրացնել ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամների անձնագրային տվյալները: Այդ ձեւաթղթերում հատուկ տեղ է առանձնացված, որտեղ մարդիկ պետք է նշեն նաեւ ընտրատեղամասի համարը, որում պետք է քվեարկեն: Այս հարցում առանձնահատուկ ջանասիրություն են սկսել ցուցաբերել հատկապես «Հայռուսգազարդ» ընկերությունում»: Թերթի տեղեկություններով, հիշյալ հիմնարկների ղեկավարներն աշխատողներին հորդորել են ձեւաթուղթը չլրացնելու դեպքում աշխատանքից ազատվելու դիմում գրել: Թերթը, սակայն, որեւէ նման ղեկավարի կամ աշխատողի անուն չի նշել։

Անդրադառնալով օրերս կայացած հայ-ռուսական բիզնես ֆորումի կազմակերպման շարժառիթներին, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գնահատել է. - «Ընտրություններից առաջ գործարարներ բերելը, համաժողովներ անելը, Հայաստանում ավտոմեքենա եւ սուզանավ արտադրելու հեռանկարների մասին հայտարարելը պետք է բնական համարել։ Իշխանությունը, որը որեւէ բարեփոխում իրականացնելու ունակություններ չունի եւ երկիրը պահում եւ զարգացնում է ընդամենը աշխատուժի արտահանման եւ դրսից ստացվող տրանսֆերտների հաշվին, այլ բան, քան ընտրություններից առաջ համաժողովներ անել ու «ռասկրուտկա» լինել, չի կարող»։ «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ դատարկ «ռասկրուտկան» Հայաստանում արդեն 10 տարի է տեւում»,- հավելել մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG