Մատչելիության հղումներ

logo-print
Սկսված քարոզարշավի շրջանակներում այսօր Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Ավարտվեց խոսելու փուլը, սկսվում է գործելու փուլը»:

Չնայած բավական ցուրտ եղանակին, հանրահավաքի եկել էր գրեթե նույնքան մարդ, որքան նախորդ` դեկտեմբերի սկզբին կայացած հանրահավաքին:

Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց առաջիկա ընտրություններում հնարավոր կեղծիքները կանխելու մասին` թույլ չտալու, որպեսզի հնարավոր լինի դրանք կատարել վարչական լծակների միջոցով: Ուստի, Հայաստանի առաջին նախագահը դիմեց ժողովրդին` կոչ անելով, որպեսզի յուրաքանչյուրը պատրաստակամ լինի դրանց դեմ պայքարելու:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե փետրվարի 19-ի ընտրությունները խորհրդանշական են լինելու նրանով, որ հնարավորություն կընձեռվի ամոքելու 1998-ի, 2003-ի նախագահական ընտրություններին «ժողովրդի ապրած վիրավորանքը». - «Փետրվարի 19-ը լինելու է ոչ միայն իմ հաղթանակը, այլեւ Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակը»:

Հանրահավաքը ավարտվեց երթով, որը գլխավորեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երթի մասին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախընտրական շտաբի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, իրենք նախօրոք տեղեկացրել էին քաղաքապետարանին, եւ այն անցավ առանց միջադեպերի:

Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով երթի մասնակիցները մտան Հանրապետության հրապարակ եւ կառավարության շենքի առջեւ կանգ առան` վարկարկելով «Սերժիկ, հեռացիր», «Լեւոն, նախագահ» եւ «Հաղթանակ»:

Երթն ավարտվեց Ազատության հրապարակում:


Կարինե Քալանթարյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG