Մատչելիության հղումներ

Ընտրությունների կապակցությամբ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով:

Աշխատանքային խումբը կղեկավարի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը: Խմբում ընդգրկված են պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սմբատ Մելիքջանյանը, այլ վարչությունների դատախազներ:

Դատախազության հաղորդագրության համաձայն` աշխատանքային խմբին հանձնարարված է, մասնավորապես, քննարկման ընդունել առավել բարդ եւ հասարակական հնչեղություն ունեցող ընտրախախտումների հետ կապված հաղորդումները, ընտրախախտումների փաստերով նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի ամփոփման արդյունքներով պատրաստել եւ գլխավոր դատախազին ներկայացնել համապատասխան տեղեկատվական-մեթոդական ցուցումների նախագծեր:

Մարզերի, Երեւան քաղաքի եւ համայնքների դատախազներին հանձնարարված է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել եւ ընթացք տալ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ ներգրավելով առավել փորձառու դատախազների, նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումներ ուղարկել գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գուրգեն Ամբարյանին եւ մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին հանձնարարված է ուսումնասիրել ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումները լրատվամիջոցներում, դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին, կազմակերպել ընտրախախտումների քննարկման եւ կայացված որոշումների օպերատիվ լուսաբանումը` ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG