Մատչելիության հղումներ

logo-print

Մեթյու Բրայզա. «ԱՄՆ-ը լիովին սատարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը»


«Միացյալ Նահանգների կառավարությունը լիովին սատարում է ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված Վրաստանի նկրտումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: Նա հիշեցրել է, որ հունվարի 5-ի հանրաքվեում վրացիների 73 տոկոսը պաշտպանել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարը:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում պաշտոնական Թբիլիսիին աջակցելը Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակներից մեկն է: Մյուս կողմից, մեզ համար նույնքան կարեւոր է ռուս - վրացական հարաբերությունների բարելավումը: Այնպես որ, անկախ այն բանից` ինչ կարող են մտածել որոշ մարդիկ Մոսկվայում կամ այլ մայրաքաղաքում, մենք ուզում ենք հետեւել այս երկու նպատակներին եւ նույն ոգով շարունակելու ենք», - ասել է Բրայզան:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի գնահատմամբ` այժմ պաշտոնական Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների բարելավման իրական հնարավորություն կա: «Ես հանդիպել եմ մի քանի բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ եւ կարող եմ ասել, որ թե’ վրացական, թե’ ռուսական կողմը պատրաստ են նոր էջ սկսել հարաբերություններում: Այժմ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ու ծրագրեր գտնել, որոնց շուրջ երկուսն էլ կհամաձայնեն», - ասել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալը:

Անդրադառնալով նոյեմբերյան քաղաքական ճգնաժամից հետո Վրաստանում տեղ գտած իրադարձություններին` Մեթյու Բրայզան փաստել է. - «Մեր գնահատականով, իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմությունը, խորը շունչ քաշեցին, նայեցին ստեղծված իրավիճակին եւ հասկացան, որ անհրաժեշտ է մի շարք լուրջ փոփոխություններ իրականացնել: Իրականում ընտրազանգվածն էր, որ հունվարի 5-ին որոշում կայացրեց: Մենք վերլուծեցինք արդյունքները եւ տեսանք, որ քվեարկության ընթացքում եղել են որոշ մտահոգիչ խախտումներ, այդուամենայնիվ, դրանք համակարգված բնույթ չեն կրել: Այդ իսկ պատճառով, մենք շատ ուրախ էինք մասնակցել նախագահ Սահակաշվիլիի պաշտոնամուտի արարողությանը»:

«Այդուամենայնիվ, ընտրություններում տեղ գտած խախտումներն ու ընդդիմության բողոքները ցույց են տալիս, որ ընտրական գործընթացները հավելյալ բարեփոխումների կարիք ունեն», - ընդգծել է ամերիկացի դիվանագետն ու հավելել. - «Վրաստանի նորընտիր նախագահն իր երդմնակալության ելույթում նշեց, որ անհրաժեշտ է բարեփոխումների եւ տնտեսական աճի արդյունքը տեսանելի դարձնել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Այս առումով հաջորդ շրջադարձային պահը լինելու են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG