Մատչելիության հղումներ

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը պաշտոնական քարոզարշավի առաջին օրը հանդիպեց երիտասարդության ներկայացուցիչների հետ:

«Ես կարեւորում եմ պետության համար երիտասարդությանը», - ասաց Մանուկյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ մեր ծրագրային հիմքում ընկած է մարդու ազատությունը, եւ ոչ մեկը այնքան լավ չի հասկանում դա, որքան ժամանակակից երիտասարդությունը»:

«Երբ քննարկում ենք, թե ինչու է այս պետությունը գտնվում վատ վիճակում, ապա կարեւորագույն ձողը, որ մենք ուզում ենք ընդգծել, դա մարդու ազատություններն են», - շարունակեց նա: - «Միայն ազատ մարդը կարող է լինել ազգային կամ ոչ ազգային, կարող է կառուցել պետությունը, կարող է ստեղծագործել, կարող է գոհ լինել իր կյանքից, կարող է գնալ զոհաբերությունների»:

ԱԺՄ-ի նախագահը սխալ է համարում, երբ մարդիկ ասում են, թե ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնը. - «Եթե մարդիկ իրենց քվեարկությամբ որոշում են իրենց նախագահին, ինչո՞ւ պիտի չարյաց փոքրագույնը ընտրեն. ընտրությունների ժամանակ պետք է լինի ընտրություն վատի եւ լավի միջեւ: Եվ ժողովուրդը պետք է ընտրի լավին»:

Ներկա համակարգի պայմաններում, ըստ Մանուկյանի, ապագա նախագահը պետք է խուսափի երկու վտանգներից. - «Ինքը կարող է իրեն զգալ մեսիա` որպես փրկիչ այս ազգի, ու քանդի այն ամենը, ինչ կա. դա մի ծայրահեղություն: Մյուս ծայրահեղությունը, որ ավելի վտանգավոր է եւ ավելի տեսանելի, մարդը կարող է գալ, տեսնել, որ բուրգը ձեւավորված է, եւ եթե դու բուրգի գագաթին ես գտնվում, դու ունես անսպառ իշխանություն եւ անսպառ քանակությամբ ֆինանսներ, ինչո՞ւ մաս չդառնալ այդ բուրգին: Մեզ պետք է մարդ, որը ոչ այս ծայրահեղության մեջ ընկնի, ոչ էլ` այն»:

Պատասխանելով քարոզարշավի ընթացքում իր մարտավարությանը վերաբերող հարցին, ԱԺՄ-ի նախագահը ասաց, թե «ստանդարտ բոլոր բաները լինելու են». - «Բայց, ես կարծում եմ, այժմ հեռուստատեսությունը, մամուլը, DVD-ները, փոքր հանդիպումները կարեւորագույն շերտերի հետ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մեծ հանրահավաքները մարզերում»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG