Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽ ԽՎ-ի նոր նախագահ ընտրվեց Լուիս Մարիա դե Փյուիգը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր նոր նախագահ է ընտրել. առաջիկա երկու տարիներին այդ պաշտոնը կզբաղեցնի 63-ամյա իսպանացի սոցիալիստ, պատմաբան ու քաղաքական գործիչ Lուիս Մարիա դե Փյուիգը: Վեհաժողովը ընտրել է նաեւ 19 փոխնախագահներ, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին եւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին:

Վեհաժողովի նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում իսպանացի խորհրդարանականը հայտարարել է. - «Ես եվրոպացի եմ եւ լավատես: Ես հավատում եմ Եվրոպայի ապագային եւ Եվրախորհրդի ինստիտուտներին»:

«Կուզենայի, որ իմ նախագահության ժամկետն անցներ «Եվրոպան` քաղաքացիների համար» կարգախոսի տակ», - ասել է իսպանացի սենատորը եւ հավելել. - «Մենք պետք է Եվրոպան ավելի անվտանգ, մարդկային ու մարդասեր դարձնենք յուրաքանչյուրի համար»:

Նորընտիր նախագահը, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել մերձեցնել հարաբերությունները Եվրոպայի քաղաքական դաշտում առկա այլ ինստիտուտների, մասնավորապես` Եվրամիության հետ:

«Ես լավ գիտեմ այդ կառույցը եւ վստահ եմ, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ օգտվի Եվրախորհրդի փորձառությունից ու գործիքներից», - ասել է Lուիս Մարիա դե Փյուիգը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում Լուիս Մարիա դե Փյուիգը փոխարինում է նիդերլանդացի Ռենե վան դեր Լինդենին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG