Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում նորից արգելել են YouTube-ը


Թուրքիայի դատարանը երեկ արգելել է տեսագրություններ տեղադրելու եւ փոխանակելու հնարավորություն ընձեռող եւ ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող YouTube կայքէջը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները հաղորդել են, որ նման որոշում են կայացրել, քանի որ կայքէջում տեղադրվել են Թուրքիայի հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արժանապատվությունն ու հիշատակը վիրավորող նյութեր:

Հունվարի 17-ից ի վեր այդ կայքէջ այցելողները տեսնում են անգլերեն եւ թուրքերեն հաղորդագրություն, ըստ որի` «էջը արգելված է Անկարայի դատարանի վճռով»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Թուրքիայում օրենքով արգելված է վիրավորել աշխարհիկ պետության հիմնադիր Աթաթուրքին:

YouTube կայքէջը Թուրքիայում առաջին անգամ արգելվել էր անցյալ տարվա մարտին եւ վերականգնվել էր, երբ կայքէջից հանվել էին «Աթաթուրքի հիշատակը նվաստացնող» տեսագրությունները:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ հայտնի չէ, թե կայքէջը երբ վերստին մատչելի կլինի Թուրքիայում:

Google ընկերությանը պատկանող YouTube-ը տարածել է հայտարարություն, որով հույս է հայտնում, որ կայքէջը Թուրքիայում մոտ ապագայում կվերականգնվի:

Նշելով, որ YouTube-ի հետ կապված պատմությունը հերթական անգամ վկայում է Թուրքիայում խոսքի ազատության ասպարեզում առկա լուրջ խնդիրների մասին, «Ասոշիեյթեդ փրես»-ը հիշեցնում է, որ «թուրքական ինքնությունը» վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում հալածանքների են ենթարկվել մի շարք անվանի թղթակիցներ եւ գրողներ, այդ թվում` Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Թուրքիան YouTube կայքէջն արգելած միակ երկիրը չէ. անցյալ տարի Թաիլանդի իշխանություններն են նման քայլի դիմել` պնդելով, որ կայքէջի նյութերը վիրավորական են միապետ Բհումիբոլ Ադուլաջեյի համար, իսկ Մարոկկոյում արգելքը սահմանվել էր Արեւմտյան Սահարայի բնակիչների ծանր կացության մասին պատմող տեսագրությունների համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG