Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Տարածաշրջանային ինտեգրացիան հնարավոր է միայն Ղարաբաղի հարցի լուծման դեպքում»


«Տարածաշրջանային ինտեգրացիան առաջնայնություն է Ադրբեջանի համար, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ լուծում գտնել». - այսպիսի համոզմունք է հայտնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» թերթում այսօր հրապարակած հոդվածում:

«Նավթի եւ գազի ներկայիս գները շուկայում բարձր են, եւ մենք պետք է կարողանանք առավելագույնի հասցնել մեր ռազմավարական պաշարների տնտեսական ներուժը: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, սակայն, սպառնալիք է գոյություն ունեցող խողովակաշարերի ենթակառուցվածքի անվտանգությանը եւ խոչընդոտում է Եվրոպայի հետ տարածաշրջանի էներգակիրների առեւտրի օպտիմալացմանը», - գրում է Մամեդյարովը եւ հավելում. - «Մեզ մոտ` Ադրբեջանում, դա խոչընդոտում է տնտեսական աճին, որը անցած մի քանի տարիներին եղել է միջինը շուրջ 30 տոկոս»:

«Գրեթե 14 տարի է, ինչ Ադրբեջան - Հայաստան պատերազմում հրադադար է հաստատվել Ռուսաստանի միջնորդությամբ: Սակայն մինչեւ օրս հայկական զորքեր կան մեր տարածքում: Մեր երկրի մի մասի օկուպացման շարունակումը մենք չենք կարող հանդուրժել: Այսպես կոչված Մինսկի գործընթացը` այս հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորում գտնելուն ուղղված եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնորդվող ջանքերը, օգտակար է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության շրջանակ ընձեռելու առումով: Սակայն մենք պետք է հրատապ կերպով ամփոփենք այդ գործընթացը: Ստատուս քվոյի պահպանումը անչափ թանկ է նստում», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հոդվածում:

Հայտարարելով, թե «Ադրբեջանը չի կարող որեւէ փոխզիջում անել, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականությանը եւ ներքին տեղահանված անձանց վերադարձին», Մամեդյարովը գրում է. - «Հայաստանը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության հնարավոր ամենամեծ աստիճանը Ադրբեջանի կազմում: Մենք նույնիսկ պատրաստ ենք էականորեն ավելացնել կենտրոնական ֆինանսավորումը ադրբեջանական այդ գավառի զարգացման համար»:

«Դիվանագիտությունը Ադրբեջանի համար նախընտրելի լուծում է: Կարծում եմ, Հայաստանը եւս կարող է օգտվել տարածաշրջանային ինտեգրացիայից եւ զարգացումից: Այս խնդրի կարգավորումը կբարելավեր ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունները, այլեւ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ», - վստահեցնում է Էլմար Մամեդյարովը:

«Ղարաբաղի խնդիրը այլեւս չի կարող սպասել: Բաքուն լրջորեն է տրամադրված` շարժվելու առաջ», - իր հոդվածն ամփոփում է Ադրբեջանի արտգործնախարարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG