Մատչելիության հղումներ

«Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտախոս է Հայոց ցեղասպանության հարցում եւ վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբաման:

Օբաման երեկ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին է փոխանցել իր հայտարարությունը, որով Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, ինչպես նաեւ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարությունում նախագահության թեկնածուն իր աջակցությունն է հայտնում հայ - ամերիկյան հարաբերությունների սերտացմանը, ինչը, նրա համոզմամբ, «կնպաստի ընդհանուր անվտանգությանը եւ կամրապնդի ժողովրդավարությունը Հայաստանում»:

Օբաման նաեւ խոստանում է «նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը` հետամուտ լինելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կիրառվող շրջափակմանը վերջ տալուն, ինչպես նաեւ աշխատելով Lեռնային Ղարաբաղի հակամարտությանը երկարաժամկետ լուծում գտնելու ուղղությամբ»:

Որպես սենատոր եւս Բարաք Օբաման հանդես է գալիս Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ միացել է Ջորջ Բուշին կոնգրեսականների հղած նամակին, որում ԱՄՆ-ի նախագահին կոչ էր արվում պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2005 թվականի օգոստոսին Ադրբեջան այցի ընթացքում Օբաման լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ցեղասպանությունը պատմական փաստ է:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

(Լուսանկարում` Բարաք Օբաման դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դըրբինի եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ )

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG