Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է հետ կանչել ՆԱՏՕ-ին պաշտոնական Կիեւի հղած նամակը


Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունը կոչ-հայտարարություն է հղել ՆԱՏՕ-ին, որում պնդում է, թե դաշինքին պաշտոնական Կիեւի ուղղած նամակը չի արտահայտում ուկրաինացի ժողովրդի կամքը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սխեֆերին հասցեագրված նամակում, որը Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն ուրբաթ օրն անձամբ հանձնեց Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Գերագույն ռադայի խոսնակ Արսենի Յացենյուկը հայտարարում են` «Ուկրաինան հետաքրքրված է ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված անհատական գործողությունների ծրագրով», եւ հույս հայտնում, թե այս տարվա ապրիլին Բուխարեստում նախատեսված գագաթնաժողովի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները «կանաչ լույս» կվառեն Ուկրաինայի ճանապարհին:

«Երեքի` Յուշչենկոյի, Տիմոշենկոյի, Յացենյուկի նամակը` հասցեագրված ՆԱՏՕ-ին, ըստ էության, նշանակում է սկսել դաշինքին Ուկրաինայի անդամակցության գործընթացը: Մենք անհանգստացած ենք, որ այդ մասին ուկրաինացի ժողովուրդն իմանում է ամենավերջում, մինչդեռ այդ հարցը պետք է համաժողովրդական քվեարկությամբ որոշվեր: Իրենք երեքով, վախենալով ժողովրդից, փակ դռների հետեւում վճռում են ազգի ճակատագիրը: Ընդ որում, ո’չ խորհրդարանը, ո’չ էլ կառավարությունը եւ որեւէ այլ կոլեգիալ մարմին այդ հարցը չի քննարկել», - ասված է ուկրաինացի ընդդիմադիրների կոչ-հայտարարության մեջ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG