Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Առաջին փուլում Սերժ Սարգսյանը կհաղթի զգալի առավելությամբ»


Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր կարծիք հայտնեց, որ իրենց թեկնածուն առաջին փուլում «կհաղթի զգալի առավելությամբ»:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե զարգացումները գնան այսպես, ապա առաջին փուլում Սերժ Սարգսյանը կհաղթի լուրջ առավելությամբ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե այս շաբաթ ճիշտ նույնպեսի հայտարարություն է արել Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի վերաբերյալ ՀՀՇ-ի վարչության անդամ, Երեւանի Արաբկիր համայնքում Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավար Արամ Մանուկյանը, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Ես բավականին բարձր եմ գնահատում պարոն Մանուկյանի հումորի զգացումը, որովհետեւ ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ առաջին նախագահը հաղթի առաջին փուլում»:

«Ես տեսնում եմ այն հնարավորությունը, որ առաջին փուլում հաղթի իշխանությունների թեկնածուն», - շարունակեց նա` փաստարկելով. - «Որովհետեւ հենց սեպտեմբերի 21-ին «Մարիոթ» հյուրանոցում պարոն Տեր-Պետրոսյանը ասեց հետեւյալ միտքը, որ իշխանությունների թեկնածուներին հնարավոր է հաղթել մի տարբերակով, որ բոլոր ընդդիմադիր թեկնածուները համախմբվեն: Իսկ քանի որ մենք տեսանք, որ այսօր արդեն ընդդիմադիր թեկնածուները չհամախմբվեցին, եւ յուրաքանչյուրը գնում է իր ծրագրով եւ իր քաղաքական թիմով, կարծում եմ, որ, իրենց իսկ տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանը կհաղթի հենց առաջին փուլում: Շատ պատճառներ կան նաեւ, թե ինչու Սերժ Սարգսյանը կհաղթի հենց առաջին փուլում, դրա մասին մենք կխոսենք քարոզչության ընթացքում»:

Իսկ հարցին, թե արդյոք Սարգսյանի նախընտրական շտաբում մտավախություն չունեն, թե առաջիկայում ուժային կառույցները կարող են չենթարկվել իրենց ղեկավարներին (ինչի մասին խոսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը), Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Ուժային կառույցները Հայաստանի Հանրապետությունում չեն մասնակցում քաղաքական պրոցեսներին, եւ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի ինքը ունի ազատ ընտրության իրավունք»:

«Մենք այս իշխանությունների կառավարման ժամանակաշրջանում հասել ենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը այլընտրանք չունի: Եվ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումը հայտնելու», - հայտարարեց Շարմազանովը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG