Մատչելիության հղումներ

Պրահայում հայը հայի է սպանել


Երեկ Պրահայի Հոլեշովիցե շրջանի Ստրոյնիցկե 1 հասցեում գտնվող բնակելի շենքում երկու հայ տղամարդկանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հայերից մեկը մյուսին հրազենով սպանել եւ փախուստի է դիմել:

Ոստիկանությունը կասկածյալ մարդասպանի եւ զոհի անունները չի հաղորդել` նշելով միայն, որ կասկածյալի հագին սեւ ձմեռային վերարկու էր, նա 25-26 տարեկան է եւ 180 սանտիմետր հասակ ունի: Միաժամանակ, ոստիկանները նշել են, որ իրենք գիտեն թե’ կասկածյալի եւ թե’ զոհի անունները:

Չեխական “Novinky” գործակալությունը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հինգշաբթի օրը մոտավորապես ժամը 11-ին: Րոպեներ անց ոստիկանության 10 պարեկային խմբեր մեքենաներով ժամանել են դեպքի վայր:

«Կրակ արձակած անձը կարողացել է փախուստի դիմել ոստիկանների ժամանումից մի քանի րոպե առաջ», - ասել է Պրահայի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լադիսլավ Բերնաշեկը:

Ըստ գործակալության, մարդասպանը մոտ տարածությունից չորս գնդակ է արձակել հայրենակցի կրծքավանդակի ուղղությամբ: Զոհը, որը նույնպես 25-26 տարեկան էր, ոստիկանների խոսքերով` «ստացած վերքերից փրկվելու շանս չուներ եւ տեղում մահացել է»:

Այս հանցագործությանն անդրադարձել է նաեւ TV Nova չեխական հեռուստակայանը, որի հաղորդագրության համաձայն` ողբերգական ավարտով վիճաբանությունը տեղի է ունեցել զոհի եւ նրա ընկերուհու բնակարանում: Հեռուստակայանը նշում է նաեւ, որ չճշտված տեղեկությունների համաձայն` սպանվածը փախուստի դիմած հանցագործի քրոջ որդին է:

Կասկածյալի լուսանկարը տեղադրվել է չեխական պարբերականների էջերում եւ ցուցադրվում է հեռուստաալիքներով: Ոստիկանները քաղաքի բնակիչներին խնդրում են կասկածյալին տեսնելու դեպքում անմիջապես դիմել իրավապահներին եւ ինքնագլուխ որեւէ գործողություն չձեռնարկել, քանի որ «նա հանցանքի վայրում է թողել ատրճանակը, սակայն չի բացառվում, որ նրա մոտ էլի զենք լինի»:

Ըստ ոստիկանների, կրակ արձակելուց հետո կասկածյալը վազել է հարեւանությամբ գտնվող Ստրոմլովկա զբոսայգու ուղղությամբ, որտեղ էլ նրա հետքերը կորել են:

Ոստիկանության խոսնակ Բերնաշեկն ասել է, որ իրավապահները որոնում են կասկածյալին, հարուցվել է քրեական գործ «միտումնավոր սպանություն» հոդվածով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG