Մատչելիության հղումներ

logo-print
Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն այսօր կմեկնի Բրյուսել` իր հետ տանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված պաշտոնական Կիեւի նամակը:

Փաստաթղթում Ուկրաինայի նախագահը, վարչապետն ու Գերագույն ռադայի խոսնակը հայտարարում են` «Ուկրաինան հետաքրքրված է ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված անհատական գործողությունների ծրագրով», եւ հույս հայտնում, թե այս տարվա ապրիլին Բուխարեստում նախատեսված գագաթնաժողովի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները «կանաչ լույս» կվառեն Ուկրաինայի ճանապարհին:

Գործողությունների ծրագիրը դեպի լիիրավ անդամակցության տանող նախավերջին քայլն է, եւ մինչ օրս բոլոր այն երկրները, որոնք հաջողությամբ իրականացրել են այս ծրագրի պահանջները, մոտ 5 տարվա ընթացքում դարձել են ՆԱՏՕ-ի անդամ:

«Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում մենք վճռական փուլ ենք մտել», - օրերս հայտարարել էր Ուկրաինայի նախագահի` արտաքին հարաբերությունների գծով գլխավոր օգնական Ալեքսանդր Չալին: - «Չորս տարի առաջ ՆԱՏՕ-ի եւ Կիեւի միջեւ սկսված ինտենսիվ երկխոսության ձեւաչափը, ըստ էության, արդեն սպառել է իրեն. մենք իրականացրել ենք դաշինքի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները եւ այժմ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին կոչ ենք անում ավելի սերտացնել համագործակցության աստիճանը»:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ռուսամետ դիրքորոշում ունեցող Վիկտոր Յանուկովիչը, ՆԱՏՕ-ի հետ պաշտոնական Կիեւի բանակցությունները գրեթե դադարել էին:

«Այսօր այդ երկխոսության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել», - հայտարարում է նախագահ Յուշչենկոյի աշխատակազմը եւ ընդգծում. - «Իշխանության բոլոր թեւերը սատարում են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարը»:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, թե իշխանությունները խախտում են Սահմանադրությունը, եւ պահանջում է ետ կանչել Բրյուսել ուղարկված պաշտոնական նամակը:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ չանդամակցելու վերաբերյալ որոշում կարող է ընդունել միայն Ուկրաինայի ժողովուրդը` հանրաքվեի միջոցով», - հայտարարել է, մասնավորապես, Ռեգիոնների կուսակցությունը:

Այս հարցում «նարնջագույն» ուժերը ընդդիմության հետ համամիտ են, սակայն հակադարձում են, թե հարցը հանրաքվեի դնելուց առաջ նախ հարկավոր է ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի համաձայնությունը:

Այս օրերին Ուկրաինայում գտնվող ամերիկացի սենատոր Ռիչարդ Lուգարը հայտարարել է. - «Ով էլ ընտրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում` սատարելու է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG